Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ:
Խորհրդի նախագահ Արա Թորանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ գործելու է հատուկ կայք՝ www.ccaf.info: Կայքն արդեն գործում է, դրա կատարելագործման ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Ֆրանսահայերը նաև կոչ են անում բաժանորդագրվել այդ կայքին:
«Բազմաթիվ ծրագրեր ունենք, դրանց իրականացման համար, անշուշտ, անհրաժեշտ են միջոցներ: Պիտի դրանք հասցնենք Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի համար: Հատուկ բացված այդ կայքում պիտի լինեն բազմաթիվ նյութեր՝ քաղաքական, պատմական, ինտելեկտուալ. դեռևս բոլոր փակագծերը չեմ ուզում բացել, քանի որ թշնամին էլ է մեզ լսում, բայց վստահ եղեք՝ այդ տարելիցին մենք լրջորեն ենք պատրաստվում»,- ասաց նա:
Ֆրանսիայում ներկայում կա 500 հազար հայ: Թորանյանի խոսքով՝ հստակ է, որ հայ համայնքը լավ կազմակերպված է, իրենց միությունը հավաքում է բոլոր հայկական կազմակերպություններին, և փորձ է արվելու միասնաբար պաշտպանել իրենց շահերն ու իրավունքները:
Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման ուղղությամբ ֆրանսիական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Թորանյանը նշեց, որ իրենք դեռ հույսները չեն կորցրել՝ ի վերջո այս օրենքը պետք է ընդունվի Ֆրանսիայում, նույնիսկ իմանալով հանդերձ, որ շատ դժվար է, քանի որ Թուրքիան շատ ճնշումներ է գործադրում, Թուրքիայի և Ֆրանսիայի միջև տնտեսական շահերը շատ մեծ են:
«Մենք նույնպես մեր մարդկային իրավունքներն ունենք, կշարունակենք պաշտպանել, մենք էլ բարեկամներ ունենք, որոշ չափով ուժ ունենք և պիտի շարունակենք պայքարել, ինչպես մինչ օրս ենք պայքարել և շատ-շատ արդյունքներ ունեցել, թեկուզ այն, որ գոնե Ֆրանսիայում ապրիլի 24-ի ցույցերը պաշտոնապես կազմակերպում է ֆրանսիական կառավարությունը. կարծեմ այլ երկրներում նման բան չկա: Դա նստած է ժողովրդի, քաղաքական պատասխանատուների մեջ, օտար բան չէ, իրենք գիտեն՝ դա ինչ է: Քաղաքական ուժերի և ժողովրդի շրջանում բավական մեծ թվով համակիրներ կան»,- ասաց նա:
Թորանյանը նշեց, որ Ֆրանսիայում վերջին շրջանում բավական մեծ թիվ են կազմում թուրքերը: Նա դժվարացավ հստակ թիվ նշել, սակայն ասաց, որ հավանաբար նրանք նույնքան են, որքան ֆրանսահայերը: Նրա խոսքով՝ թուրքերի մեջ նաև շատ քրդեր կան: Թորանյանը նշեց, որ թուրքերն անմիջապես իրենց դեմ չեն, բայց հստակ է, որ թուրքական կառավարությունը փորձում է նրանց կազմակերպել:
«Համենայնդեպս, մենք պայքարում ենք ոչ թե թուրք կամ քուրդ ժողովրդի դեմ, այլ թուրք նացիոնալիստ կառավարության մերժողական քաղաքականության դեմ»,- ասաց նա:
Թորանյանը նշեց նաև, որ նպատակադրվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում կառուցել Հայկական քաղաքակրթության և հիշատակի մեծ կենտրոն:









































