«Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն ու Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին» անվանմամբ գիրք են հրատարակել:
Գրքում ներկայացված է 19-րդ դարի վերջերի, 20-րդ դարի սկզբների հայաստանյան ներքին իրավիճակը, հասարակական հարաբերությունների որակը, որոնք էլ մեծ մասամբ որոշում են այժմյան մեր իրականությունը:
Գիրքը բաղկացած է երկու մասերից: Առաջինում ներգրավված են մեր դասականների այն հրապարակումները, ստեղծագործությունները, որոնցում ներկայացված են իրականությունը, ինչպես նաև՝ այն ծնող պատճառները:
Երկրորդ բաժնում առանձնացված են այն գործերը, որոնցում հեղինակները խորհրդածում են ելքերի շուրջ: Սակայն որոշ հեղինակների մոտ միևնույն գործի մեջ կա թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Հեղինակները նշում են, որ գիրքը նախատեսված է «քաղաքականությամբ հետաքրքրվողների, երկրում ստեղծված վիճակը դեպի դրականը փոփոխված տեսնել ցանկացողների համար»:
Հրայր Թովմասյանը գիրքը հրատարակելու վերաբերյալ իր կյանքից մի դրվագ ներկայացրեց: Նրա ձեռքին կարմիր ցան է եղել, գնացել է բժշկի և դեղ են դուրս գրել, ինչն ընդունելուց հետո ժամանակավորապես անցել է, ապա՝ նորից սկսվել: Մեկ ուրիշ բժիշկ խորհուրդ է տվել սկզբում հետազոտել ցանն առաջացնող պատճառը, հետո դրա դեմ բուժվել: Ուստի Հրայր Թովմասյանի կարծիքով՝ իրավիճակի մեջ փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է նախ վերացնել այն առաջացնող պատճառները:
Թեպետ գիրքն ընթերցելիս թվում է, թե հեղինակները ոչինչ չեն արել, միայն հավաքել են հեղինակների հայտնի ստեղծագործությունները, այդուհանդերձ իրենց խոսքերով՝ շատ ժամանակ է պահանջվել այդ ամենն ընթերցելու և ժողովելու համար:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































