Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը գլխավորում է նախագահական ընտրարշավը. նրան պատրաստ են իրենց ձայնը տալ ընտրողների 48.3 %-ը, սակայն դա բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար։ Այս մասին վկայում են SONAR սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման տվյալները։
Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների քվեաթերթիկներում ներառված են Էրդողանի («Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից), Մուհարեմ Ինջեի (հիմնական ընդդիմադիր «Ազգային–հանրապետական կուսակցությունից»), Սելահաթին Դեմիրթաշի («Ազգերի դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից), Մերալ Աքշեների («Լավ» կուսակցությունից), Թեմել Կարամոլաօղլուի («Երջանկության» կուսակցությունից) և Դոգու Պերինչեկի («Հայրենիք. կուսակցությունից) անունները։
Նախագահականին զուգահեռ նաև խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։
SONAR-ի տվյալներով՝ Ինջեին իրենց ձայնը պատրաստ են տալ ընտրողների 31,4%-ը, Աքշեներին՝ 9,5%, Դեմիրթաշին՝ 8,2%: Նշվում է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Ինջեի վարկանիշը աճել է 10 տոկոսով և նրա կուսակցության համար առավելագույն ցուցանիշին է հասել 1977 թվականից ի վեր։
Հարցմանը ընդհանուր առմամբ 3 հազար մարդ է մասնակցել։







































