Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դութերտեն հայտարարել է, որ եթե իր երկրում անհրաժեշտ թվով կանայք պահանջեն իր հրաժարականը, միայն այդ դեպքում ինքը կլքի պետության ղեկավարի պաշտոնը: Նա այդ մասին ասել է Հարավային Կորեայից վերադառնալուց հետո, որտեղ էլ տեղի էր ունեցել սկանդալային համբույրի հետ կապված միջադեպը՝ գրում է iz.ru-ն:
Ֆիլիպինների առաջնորդը նշել է, որ իր արարքը չար նպատակ չէր հետապնդում: «Դա շոու բիզնես էր, և բոլորը հաճույք ստացան դրանից: Ես հանրության առջև չար նպատակադրումով արարքներ թույլ չեմ տալիս»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեա այցելության ընթացքում Դութերտեն բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որոնցից մեկի ժամանակ էլ ցուցադրաբար համբուրել է մի կնոջ շուրթերը՝ խոստանալով փոխարենը լրագրող Արես Ռուֆոյի «Գաղտնիքների զոհասեղանը. սեքսը, քաղաքականությունը և փողը ֆիլիպինյան կաթոլիկ եկեղեցում» գիրքը:









































