ԱՄՆ-ը Ռուսաստանին խնդրում է օգտագործել իր ազդեցությունն Ուկրաինայում տիրող իրավիճակի խաղաղ լուծման համար: Այս մասին ասել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը ռուս պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ինչպես երկուշաբթի հայտնել է Պետդեպը, Նուլանդը մասնավորապես հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովի, Ալեքսեյ Մեշկովի, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ:
«Պետքարտուղարի օգնական Նուլանդն ԱՄՆ խորին անհանգստությունն է արտահայտել Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ և Ռուսաստանին կոչ է արել կիրառել իր ազդեցությունը խաղաղության, մարդկային արժանապատվության և քաղաքական լուծման հասնելու համար»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Նուլանդը ռուս գործընկերներին հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս Ուկրաինայի եվրոպական ընտրության, ներկայիս դիմակայության ոչ բռնի և արդար քաղաքական կարգավորման և ԱՄՀ-ի օգնությամբ տնտեսության վերականգնման օգտին:
Պետդեպի հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումներին մասնակցել է նաև Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սելեստ Ուոլանդերը: Կողմերը քննարկել են տնտեսական հարաբերությունները, սպառազինությունների վրա վերահսկողության հարցերն ու երկու երկրների քաղաքացիների միջև կապերը:








































