Disney ստուդիայի «Սառած սիրտ» (Frozen) մուլտֆիլմը դեկտեմբերի 6-8-ի արդյունքներով ԱՄՆ-ի ու Կանադայի կինովարձույթներում շահութաբերությամբ առաջին հորիզոնականում է: Այս մասին հայտնում է BoxOfficeMojo կայքը:
Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի մոտիվներով Ձյունե թագուհու որոնումների մասին մուլտֆիլմը հանգստյան օրերին աշխատել է 31.6 մլն դոլար: Նոյեմբերի 22-ին կայացած պրեմիերայից հետո մուլտֆիլմի հավաքած ընդհանուր միջոցները հյուսիսամերիկյան վարձույթում կազմում են 134.3 մլն դոլար և 190 մլն դոլար՝ ողջ աշխարհում:
Երկրորդ հորիզոնական է իջել «Սոված խաղեր. Հրդեհի բռնկում» (The Hunger Games: Catching Fire) ֆիլմը, որը հանգստյան օրերին 27 մլն դոլար է հավաքել: Դեռահասների մահացու մարտերի մասին Սյուզան Քոլինզի հետապոկալիպտիկ եռերգության երկրորդ մասի էկրանավորումը հյուսիսամերիկյան վարձույթի առաջատարն էր պրեմիերայից հետո երկու շաբաթ անընդմեջ՝ այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում և Կանադայում հավաքելով 336.7 մլն դոլար և կրկնակի ավելի՝ ողջ աշխարհում:
Եռյակը եզրափակում է Սկոտ Կուպերի «Վառարանից դուրս» («Out of the Furnace») ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին: Քրիստիան Բեյլի, Վուդի Հարելսոնի, Ուիլյամ Դեֆոյի և Զոյի Սալդանայի մասնակցությամբ թրիլլերն առաջին աշխատանքային օրերին հյուսիսամերիկյան վարձույթում աշխատել է 5.3 մլն դոլար:








































