Իրավաբան Ջուզեպե Կոնտեն, որը նախագահ Սերջո Մատարելայի առաջարկով ձևավորել է իտալական կառավարությունը, հայտարարել է նախարարների նոր կազմը։ Հաղորդվում է, որ Իտալիայի ԱԳՆ ղեկավար է դառնալու եվրոպական հարցերով նախկին նախարար Էնցո Մոավերո–Միլանեզին։ ՆԳՆ պաշտոնը զբաղեցրել է «Լիգա» կուսակցության դաշնային քարտուղար Մաթեո Սալվինին։ Այս պաշտոնում նա զբաղվելու է անօրինական ներգաղթի հարցերով։ «5 աստղ շարժման» առաջնորդ Լուիջի Դի Մայոն նոր գերատեսչություն է գլխավորելու, որի մեջ մտնելու են աշխատանքի և տնտեսական զարգացման նախարարությունները։ Դի Մայոն և Սալվինին միևնույն ժամանակ լինելու են երկրի փոխվարչապետերը։
Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը ղեկավարելու է Ջովանի Տրիան, իսկ Եվրամիության հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Պաոլո Սավոնան, ում Իտալիայի նախագահը մերժել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Պաշտպանության նախարարությունը վստահվել է Էլիզաբետա Տրենտային, որը տարբեր ժամանակներում եղել է Իրաքում Իտալիայի ԱԳՆ քաղաքական խորհրդական և Լիբանանում՝ ՄԱԿ–ի խաղաղարարական առաքելության Իտալիայի խորհրդականը։




































