Ուկրաինայի ՈՒԴԱՌ ընդդիմադիր կուսակցությունը, որը գլխավորում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն, ներողություն է խնդրել կիևցիներին պատճառած անհարմարությունների համար՝ կապված կառավարական թաղամասի արգելափակման հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ցուցարարները կիրակի սկսել էին արգելափակել Կիևի կենտրոնում գտնվող կառավարական թաղամասի փողոցները, երթևեկելի հատվածներում տեղակայել վրաններ, ամրացրել պատնեշներ: Կազմակերպիչները նրանց ապահովել են «դաշտային խոհանոցներով»:
«Մենք պետք է դա անենք իշխանությանը ճնշելու համար, որը չի լսում Կիևի Անկախության հրապարակ և Ուկրաինայի այլ քաղաքների հրապարակներ դուրս եկած քաղաքացիներին: Այսօր մենք բոլորս միասին պաշտպանում ենք մեր ապագան»,- ասվում է ՈՒԴԱՌ-ի հայտարարության մեջ:
Կուսակցությունը հույս է հայտնել, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների արգելափակման գործընթացը երկար չի տևի, և երկրի ղեկավարությունը կլսի ցուցարարների պահանջը:
Հիշեցնենք, որ Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային բողոքի ակցիաներն անցկացվում են նոյեմբերի 21-ից:








































