Թբիլիսիի քաղաքային դատարանը կիրակի բավարարել է դատախազության միջնորդությունը և Վրաստանի գլխավոր դատախազի նախկին առաջին տեղակալ Դավիթ Չխատարաշվիլիի դեմ որպես խափանման միջոց ընտրել է նախնական կալանքը: Նա մեղադրվում է Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ կտտանքների կազմակերպման մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Դատարանի մամլո ծառայության փոխանցմամբ՝ դատարանը չի բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը, որը պահանջել է գրավի դիմաց ազատ արձակել Չխատարաշվիլիին կամ ընդհանրապես խափանման միջոց չընտրել: Գերատեսչությունում հայտնել են նաև, որ այդ գործով նախնական դատական նիստը նշանակված է 2014-ի հունվարի 27-ին: Դատախազի նախկին տեղակալը ձերբակալվել է երեկ:
«Բանտային սկանդալը» Վրաստանում սկսվել էր 2012-ի սեպտեմբերին՝ տեսագրությունների տարածումից հետո, որոնցում ֆիքսված էին Գլդանի թբիլիսյան №8 բանտում բանտարկյալների նկատմամբ իրականացված ծաղրի փաստերը:








































