Երևանի քաղաքապետարանը եկող տարի ևս շարունակելու է «հուժկու պայքարը» թափառող շների դեմ: Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծով, որը պետք է քննարկման դրվի առաջիկայում, քաղաքապետարանը կրկին 220 մլն դրամ գումար է հատկացրել եկող տարի շների դեմ պայքարելու համար: Սա մոտ 550 հազար ԱՄՆ դոլար գումար է: Հիշեցնենք, որ մրցույթը ավանդաբար շահում է «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը:
Ի դեպ, բնապահպանները նշում են, որ քաղաքապետարանի բյուջեից հավելյալ գումարներ ստանալու նպատակով հայտամրցույթում ուռճացված կերպով նշված է, թե Երևանում 46 հազար թափառող շուն կա: Սա այն դեպքում, երբ օրինակ` Մոսկվայում այդ թիվը 25 հազար է: Ընդ որում՝ նույն թիվը քաղաքապետարանն արդեն մի քանի տարի ներկայացնում է, ուստիև պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման դեմ պայքարի շրջանակում կարելի է հարցնել` եթե «Յունիգրաֆ-Իքս»-ը շներին լայնածավալ քնեցնում կամ ստերիլացնում է, ինչպե՞ս է, որ թափառող շների՝ քաղաքապետարանի ներկայացրած թվաքանակը չի պակասում:
Օրինակ` վերելակների նորոգման համար նախատեսված է մոտ 97 մլն դրամ: Սա այն դեպքում, երբ ամռանը Կենտրոն համայնքի բնակիչներից մեկը մահացավ վերելակի անսարքության հետևանքով` ընկնելով վերելակի հորը: Իսկ չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ծրագրով նախատեսվել է 500 մլն դրամ:
Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծով քաղաքապետարանը կծախսի 69,4 մլրդ դրամ, ինչը այս տարվա բյուջեի ծախսային մասից ավելի է 3,4 մլրդ դրամով, իսկ 2012 թվականի փաստացի ծախսերից 10,4 մլրդ դրամով:
Քաղաքապետարանի ծառայողական մեքենաների շահագործման ու պահպանման համար նախատեսված է 100,8 մլն դրամ` այս տարվա 96,1 մլն-ի փոխարեն: Մեքենաների և սարքավորումների նորոգման և պահպանման գծով ևս 275 մլն դրամ է նախատեսվել, ինչը նախորդ տարվանից ավելի է 3,7 մլն դրամով: Բացի դա, քաղաքապետարանը ծրագրում է 6 նոր ավտոմեքենա գնել` վարչական շրջանի ղեկավարների տեղակալների մեքենաները փոխելու համար: Դրա համար նախատեսում է Երևանի բյուջեից ծախսել 30 մլն դրամ:
Քաղաքապետարանի պաշտոնյաների և ավագանու, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի գործուղումների համար նախատեսվել է 70,5 մլն դրամ: Քաղաքապետարանը եկող տարի 6,4 մլն դրամի ծաղկային կոմպոզիցիաներ և ծաղկեպսակներ ձեռք կբերի` մշակութային միջոցառումների, տոնական և հիշատակի օրերի և այլ դեպքերի համար…
Ամենաթանկը քաղաքապետարանի վրա ավտոմեքենաներն են նստում. պարտադիր վճարների գծով ծրագրվել է 3,1 մլն դրամ, որը նախատեսվել է ավտոմեքենաների տեխնիկական զննման ծախսերի և տուրքերի վճարման համար:
Ասֆալտապատման ծրագրերով նախատեսվել են համապատասխանաբար` 5 մլրդ դրամ և 350 մլն դրամ… Նշված գումարի շրջանակներում քաղաքապետարանը նախատեսում է 1 մլն քմ ասֆալտ-բետոնյա ծածկ վերանորոգել և մայթերի ասֆալտապատման աշխատանքներ կատարել: Դրա 60%-ը նախատեսում է իրականացնել բակային տարածքներում:
Նշենք, որ ծրագիրը հաստատվելու է դեկտեմբերի 10-ին. Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարելու` քննարկելու Երևանի զարգացման քառամյա ծրագիրը:







































