Անկարայում գործող Remres հետազոտական կենտրոնը նախնական հարցումներ է անցկացրել հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Թուրքական demokrathaber.org կայքը գրում է, որ մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցումները փաստել են, որ ընտրողների շուրջ 9 տոկոսը դեռևս շարունակում է մնալ չկողմնորոշված։
Կենտրոնի տվյալներով` նախագահական ընտրություններում երկրորդ փուլն անխուսափելի է, քանի որ ընդդիմության կազմած միասնական դաշինքն ու իշխող «Արդարություն ու զարգացում» և նրանց կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության դաշինքը գրեթե հավասար աջակցություն են վայելում հասարակության ներսում։
Ըստ այդմ՝ հարցումներից պարզ է դառնում, որ նոր նախագահի ով լինելը կվճռեն դեռևս չկողմնորոշված 9 տոկոս ընտրողները, ինչպես նաև քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրողները, որոնք փաստացի դուրս էին մնացել ընդդիմության միասնական դաշինքից։









































