ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության հետևանք է որակում այն, որ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկա չի եղել մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ Արա Բաբլոյանը հրավիրված եղել է միջոցառումներին:
«Ես կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է: Ես հասկանում եմ, որ Հայաստանում բարդույթ կա բոլոր հարցերը վարչապետի մակարդակով քննարկելու և լուծելու: Ու քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնի, թե ով ինչ ասի, ինչ խոսի, այդպիսի թյուրիմացություններ կլինեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պաշտոնյայի խոսքով՝ տրամաբանությունը, ըստ որի՝ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար խնդիրներ ստեղծելու, այլևս այդպես չպիտի լինի: Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ մայիսի 28-ի միջոցառումներն ունեցել են որոշակի խնդիրներ, որոնք առաջիկայում պետք է շտկվեն:
«Միջոցառումն, ընդհանուր առմամբ ընդունելի ու հասկանալի լինելով, որոշ անընդունելի բաներ կային ու թյուրիմացություններ, որոնք առաջիկայում պետք է շտկվեն: Համոզված եղեք, որ մանրախնդրության որևէ տարր մեր գործունեության մեջ չի լինելու»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:









































