Կոռուպցիոն բացահայտումները պետք է շարունակվեն, և բոլոր ապօրինի հարստացածները պետք է պատժվեն, մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում վերհաստատել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, հայտարարելով նաև, որ առաջիկա օրերին կտեսնենք շատ-շատ բացահայտումներ: Սարդարապատում լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասել է, որ կոռուպցիան պետք է ներառվի ազգային անվտանգության հայեցակարգում, որպես ազգային անվտանգության սպառնալիք և, ըստ այդմ, թիրախ անվտանգության ապահովման գործում: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Սարդարապատում հնչող հայտարարությունները հատկանշական են, այն իմաստով, որ կոռուպցիան էլ, ինչպես ճակատամարտը 100 տարի առաջ, ըստ էության լինել-չլինելու խնդիր է: Պարզապես, եթե մեկը զուտ ֆիզիկական և, այսպես ասած, այսրոպեական ռեժիմի սպառնալիք էր, եթե տանուլ տայինք ճակատամարտը, ապա մյուսը՝ «դանդաղ մահվան» սպառնալիքն է, որ քայքայում է պետականությունը, քայքայում պաշտպանունակությունը, մսխում հանրային ստեղծագործական ռեսուրսը, իսկ այժմ էլ պարզապես կհողանցի թավշյա հեղափոխության ահռելի էներգիան, եթե դրա դեմ պայքարը չդրվի գործնական և առարկայական հունի մեջ:
Այժմ նոր իշխանությունը հավաստիացնում է, որ տեղի է ունենալու հենց դա, ընդ որում՝ կոնցեպտուալ մակարդակում: Խնդիրն այստեղ ունի, անշուշտ, մի քանի հարթություն: Ամենևին նոր չէ, որ կոռուպցիան դիտարկվում է ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակում: Դա արեց նաև Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնում իր վերջին ամիսների ընթացքում: Այսինքն՝ հռետորաբանության մակարդակում այդ ամենն արդեն ամենևին նորություն չէ: Նորություն պետք է լինի կոնցեպտուալ մակարդակում վտանգի ձևակերպումը, որը պետք է լինի ոչ այնքան կոնկրետ գործողությունների հիմք, այլ երևույթի հանդեպ հանրային՝ ընդհուպ հոգեբանության ձևավորման, ինչպես կարող ենք խոսել արտաքին վտանգների հանդեպ հոգեբանության շոշափելի ձևավորվածության մասին: Ինչպես արտաքին վտանգն է թե՛ գիտակցաբար, թե՛ բնազդաբար կոնսոլիդացնում հանրությանը, նույնպես կոռուպցիայի դեմ պայքարը իր խորքում պետք է ունենա հենց այդ հենքը, ինչն արդեն կրելու է կանխարգելիչ բնույթ: Այսինքն՝ կոռուպցիայի հանդեպ հանրային խորքային անհանդուրժողությունը պետք է լինի ոչ թե կոշտ գործողությունների, բացահայտումների, ձերբակալությունների հիմք կամ հենք, այլ պետք է ստանա այլևս կանխարգելիչ իմաստ, որպեսզի որևէ մեկը կոռուպցիոն որևէ ռիսկից խուսափելիս, նախ և առաջ, հանրային անհանդուրժողության, հետո նոր միայն բացահայտվելու վտանգի պատճառով կամ իր աչքի առաջ դա ունենալով:
Հակառակը, իրավապահների կոնկրետ գործողությունների, բացահայտումների գործընթացը և դրա առարկայությունը պետք է լինի կոնցեպտուալ մակարդակում երևույթի հանդեպ հանրային անհանդուրժողության ձևավորման հիմքը:
Պատկերացնենք, որ հայկական զինված ուժերը չեն պահպանում արտաքին սահմանները, որտեղից կա ներթափանցման վտանգ: Այդ դեպքում հանրությանը շատ դժվար կլինի համոզել, որ այդպիսի վտանգ իրապես կա, և բոլորս պետք է աչալուրջ լինենք այն կանխարգելելու, դրան դիմակայելու հարցում՝ երբ հարկ լինի, ամեն մեկը իր տեղում, իր ուժերի ու միջոցների չափով: Առաջին ու պարզ հարցը կլինի, եթե կա վտանգ, ապա ինչո՞ւ չեն հսկվում սահմանները: Ըստ այդմ, կբթանա, թերահավատության կենթարկվի արտաքին սպառնալիքի խնդիրը: Նույնը կոռուպցիայի պարագայում: Հանրությունը չի համակվի սպառնալիքի գիտակցմամբ և չի կոնսոլիդացվի դրա զսպման, կանխարգելման շուրջ՝ դարձյալ ամեն մեկն իր չափով ու իր տեղում, եթե տեսնում է, որ իշխանությունը սպառնալիքի մասին խոսում է, բայց չի հսկում «սահմանը»՝ տվյալ դեպքում չեն բացահայտվում ակնհայտ «ներխուժումները» հանրային ու պետական ռեսուրսների տարածք: Իսկ առանց դրա, հնարավոր չի լինելու միայն բացահայտումների գործիքակազմով ստանալ խորքային էֆեկտ: Էֆեկտ ստանալը, իհարկե, կստացվի, բայց այն ռազմավարական, երկարաժամկետ արդյունքի վերածելու, այլ կերպ ասած՝ հանրային և համակարգային մտածողության և քաղաքակրթական վերափոխման բերելու համար պահանջվելու է երևույթի նկատմամբ հանրային խորքային անհանդուրժողություն, ինչպես արտաքին սպառնալիքի նկատմամբ է:
Կոռուպցիայի դեմ առարկայական պայքարը ունի իհարկե այլ նշանակություն ու արդյունք, և այստեղ ինչ-որ մարդկանց ձերբակալելն ու բանտարկելը դրանց շարքում ամենևին չի կարող լինել առաջիններից: Առաջնայինը, կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով, պետությունից ու հանրությունից գողացվածի շարունակվող վերադարձ ապահովելն է, հարկ եղած դեպքում դա դիտարկելով նաև որպես տնտեսական հանցագործությունների համաներման պայման, բացատրելով նյութապաշտ մարդկանց մի պարզ իրողություն՝ հեղափոխությունը շանս է նրանց համար, սեփականության լեգիտիմացման պատմական շանս, որի համար պետք է ընդամենը կատարել պարտքը հանրության առաջ և պայմանավորվել հանրայինը և պետականը հանրությանն ու պետությանը վերադարձնելու մեխանիզմների շուրջ: Երկարաժամկետ արդյունքի հարցում, սակայն, խնդիրը հենց կոնցեպտուալ դաշտում է, որպեսզի հակակառուպցիոն պայքարը արդեն հիմնված լինի հանրային մտածողության ու հոգեբանության մակարդակում, որտեղ մինչ այժմ եղել է հիմնականում թվացյալ անհանդուրժողություն՝ մարդիկ դժգոհել են, որ կոռուպցիայից օգտվում են ուրիշները, ոչ իրենք, իսկ սեփական կատարմամբ կոռուպցիան այդքան էլ սարսափելի կամ վատ չի թվացել, այլ գտնվել են տասնյակ ֆոլկլորային արդարացումներ ու երեսպաշտ բացատրություններ: Մինչդեռ, մտածողության ու հոգեբանության մակարդակում այդ երևույթի հանդեպ անհանդուրժողության ձևավորումը կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարը որևէ իշխանությունից անկախացնելու, և այդ իմաստով որևէ հաջորդ իշխանության կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողության հանրային հոգեբանությունից ու մտածողությունից կախվածություն պարտադրելու համար:








































