Fender Stratocaster կիթառը, որը պատկանել է երաժիշտ Բոբ Դիլանին, Նյու Յորքում Christie’s աճուրդի տան կողմից վաճառվել է 965 հազար դոլարով: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Այսպիսով՝ 1964 թվականի արտադրության Fender Stratocaster-ը դարձել է ամենաթանկարժեք կիթառը, որը երբևէ վաճառվել է աճուրդում: Լոտի մեկնարկային գինը եղել է 300-500 հազար դոլար:
Այդ կիթառով, որի գինն աճուրդում ռեկորդ է սահմանել, Դիլանը նվագել է նաև 1965 թվականի Նյուփորթի ֆոլկ փառատոնին իր հանրահայտ ելույթի ժամանակ: Դիլանն այդ ժամանակ հանրության առջև նվագել է էլեկտրակիթառով, ինչն իր ստեղծագործության մեջ դարձել է նոր փուլի սկիզբ:
Կիթառից բացի՝ աճուրդի էին դրվել 1965-66թթ. Դիլանի կողմից գրված 5 երգերի տեքստեր: Հաջողվել է միայն մեկ ձեռագիր վաճառել՝ I Wanna Be Your Lover երգի վաղ տարբերակը: Այն վաճառվել է 20 հազար դոլարով:
Դիլանը, ով 2013-ի մայիսին նշել է 72-ամյակը, իր կարիերան սկսել է 1962 թվականին:








































