Հյուսիսային Կորեայի իշխանությունները համաձայնել են ազատ արձակել ամերիկացի զբոսաշրջիկ Մերիլ Նյումանին, ով ձերբակալվել էր հոկտեմբերին: Այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
85-ամյա Նյումանը, ով համարվում է 1950-53թթ. Կորեական պատերազմի վետերան, Հյուսիսային Կորեա էր ժամանել որպես զբոսաշրջիկ: Նա ծրագրել էր հոկտեմբերի 26-ին լքել Փխենյանը, սակայն այդպես էլ տուն չէր վերադարձել: Վերջինիս ուղեկցողները վետերանի ընտանիքի անդամներին հայտնել էին, որ հյուսիսկորեական իշխանությունները նրան կալանքի տակ են վերցրել:
Նյումանի ձերբակալության փաստը Հյուսիսային Կորեան պաշտոնապես ճանաչել էր նոյեմբերի 30-ին: Հաղորդվել էր, որ նա ձերբակալվել է Հյուսիսային Կորեայի հանդեպ թշնամական գործողությունների, խաղաղ բնակիչների սպանության, լրտեսման ու պառակտիչ գործունեության համար:
Նյումանը խոստովանել էր մեղքը և ներողություն խնդրել:
ԱՄՆ իշխանությունները բազմիցս փորձում են դիվանագիտական ճանապարհով հասնել Հյուսիսային Կորեայում ձերբակալված իրենց քաղաքացիների ազատ արձակման: