Արսեն Վենգերի հեռանալուց հետո Լոնդոնի «Արսենալում» լուրջ փոփոխություններ կլինեն: Շատերի համար իսպանացի Ունայ Էմերիի գլխավոր մարզիչ դառնալը անակնկալ էր: Նշանակումից հետո Էմերին հայտարարել էր, որ «Արսենալը» բանակցել է 8 մասնագետների հետ, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքրված է եղել լոնդոնյան թիմը գլխավորել: Ու թեև Էմերին անուններ չի նշել, այնուամենայնիվ բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ Էմերիից «Արսենալի» ղեկավարները բանակցել են Միգել Արտետայի, Պատրիկ Վիեյրայի, Թիերի Անրիի, Կառլո Անչելոտիի, Մաքս Ալեգրիի, Թոմաս Տուխելի և էլի մի մասնագետի հետ, որի անունը չի հրապարակվում:
Էմերիի նշանակումից օրեր առաջ «Արսենալի» աշխատակիցները մամուլին տեղեկություն էին տվել, որ գլխավոր մարզչի պաշտոնում լինելու է Արտետան: Վերջին պահին սակայն ակումբի ղեկավարները նշանակեցին Էմերիին: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել և ինչու է հենց իսպանացի մասնագետը ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը: Նշենք, որ վերջին շրջանում «Արսենալի» գլխավոր մարզչի ամենաիրական թեկնածուն Տուխելն էր: Նշվում էր նույնիկ, որ դեռևս անցյալ տարի այս մարզչի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդ նկատառումով էլ «Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր էր կնքել «Բորուսիայի» նախկին առաջատարներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ: Հիշեցնենք, որ խաղային այս դուետը Տուխելի գլխավորությամբ ուղղակի փայլում էր Բունդեսլիգայում: Բրիտանական աղբյուրների համաձայն վերջին պահին Էմերին համաձայնվել է անհավանական ցածր աշխատավարձով աշխատել «Արսենալում»: Էմերին վերջերս է հեռացվել ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից և իսպանացի մասնագետն ամեն գնով ցանկացել է շարունակել աշխատանքը եվրոպական ֆուտբոլային էլիտայում:
«Արսենալը» չգլխավորելու դեպքում հնարավոր է Էմերին ընդհանրապես անգործ մնար: Հիշեցնենք, որ Էմերիի գլխավորությամբ ՊՍԺ-ն անհաջողության էր մատնվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ինչը ակումբի ղեկավարության կողմից որակվել էր որպես ձախողում: Ի դեպ, Էմերին ներկայացվել է ոչ թե որպես «Արսենալի» գլխավոր մենեջեր այլ որպես գլխավոր մարզիչ: Նշենք, որ եվրոպական ֆուտբոլային երկրներում գլխավոր մարզիչը որակվում է որպես գլխավոր մենեջեր: Այսինքն այսինքն գլխավոր մարզիչը թիմը մարզելուց զատ զբաղվում է նաև ֆուտբոլիստների սելեկցիայով և էլի մի քանի հարցերով: Նշենք, որ Արսեն Վենգերը «Արսենալի» գլխավոր մենեջերն էր իսկ հիմա սելեկցիոն հարցերով զբաղվելու են Միսլինտատն ու Սանյոլը: Այսինքն ի տարբերություն Վենգերի Էմերին անհամեմատ ավելի քիչ լիազորություններ է ունենալու «Արսենալում»: Ամառային տրանսֆերային պատուանի ընթացքում լոնդոնյան ակումբն ընդամենը 50 միլիոն ֆունտ է ծախսելու տրանսֆերային շուկայում: Համալրումների հարցում էլ Էմերին դոմինանտի դերում չի լինելու: Ըստ էության «Արսենալը» և այս ակումբի գլխավոր բաժնետեր Սթեն Կրոնկեն գնում են լուրջ խնայողությունների: Տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալը» ձեռք կբերի 2-3 երկրագուներին քիչ հայտնի ֆուտբոլիստների: Իսկ ինչպես կանդրադառնա «Արսենալում» մարզական փոփոխությունը թիմի առաջատար խաղացողներից Հենրիխ Մխիթարյանի վրա: Էմերին համարվում է բավական ճկուն մարզիչ: «Արսենալի» ղեկը ստանձնելուց հետո նա հայտարարել էր, որ փորձարկելու է մի քանի տակտիկական սխեմաներ: Հիմնական մարտավարությունը սակայն լինելու է 4-3-3-ը:
Այս մարտավարությունը հարձակվողական լինելուց բացի հնարավորություն է տալիս պրեսինգ կիրառելու, ինչպես նաև գնդակը վերահսկելու: Էմերիի խաղային փիլիսոփայության հիմքում արագ ֆուտբոլն է, որը դրսևորվում է խաղացողների ինտենսիվ տեղաշարժերով : Ուսումնասիրելով Էմերիի ձեռագիրը կարող ենք ասել, որ Մխիթարյանը նրա համար բավական կարևոր ֆիգում կլինի «Արսենալում»: Լինելով ունիվերսալ ֆուտբոլիստ Մխիթարյանը նաև կարողանում է կապող օղակ լինել կիսապաշտպանության և հարձակման համար: Էմերին հարցազրույցներից մեկում նշել էր, որ հանդիպումներից առաջ 12 ժամ դիտում է մրցակցի մասնակցության խաղերի տեսագրությունը և ժամեր շարունակ նախագծում տակտիկան: Խաղային տակտիկան Էմերիի ուժեղ կողմերից մեկն է:
Մխիթարյանն այն բացառիկ ֆուտբոլիստներից է, որը կարողանում է հստակ ընկալել և կատարել մարզչի տակտիկական հանձնարարականները: Հիշենք, որ «Մանչեսթեր Յունայթում» Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին օգտագործում էր նույնիսկ աջ կամ ձախ պաշտպանի գոտում: Եթե հաշվի առնենք, որ Էմերին նախընտրում է հարձակվողական՝ աշխույժ ֆուտբոլ, ապա բացառված չէ, որ իսպանացի մասնագետը հարձակման գծի առանցքում օգտագործի հենց Մխիթարյանին: «Արսենալում» այսօր կան կադրային խնդիրներ:
Հետևաբար Մխիթարյանն այն ֆուտբոլիստների շարքում է, որոնցից շատ բան է կախված լինելու փոփոխությանը հաջորդած կարևոր ժամանակահատվածում:









































