Անկարային անհանգստացնում են Կնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջիկա քննարկումներւը: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում Իսրայելը «կվնասի ինքն իրեն» եւ «կխաթարի Հոլոքոստի հատուկ կարգավիճակը»:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Կնեսեթի անդամները առաջին անգամ որոշեցին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստի քննարկմանը ներկայացնել: Առաջարկի նախաձեռնողը «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգն է: Իսրայելի խորհրդարանի 16 պատգամավորներ աջակցել են նախաձեռնությանը, «դեմ» քվեարկողներ չեն եղել: Քննարկման ամսաթիվը չի հրապարակվել: Իսրայելի կառավարությունը չէր ուղարկել որեւէ ներկայացուցչի, ով կարող էր առարկել նախաձեռնությանը, եւ այդպիսով դեմ չի արտահայտվել քննարկումներին:











































