Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խորհրդարանում տեղի համար կպայքարի 4 հայազգի թեկնածու՝ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը, նույն կուսակցության անդամ Լյուդմիլա Բյույումը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը և ընդդիմադիր «Լավ» կուսակցության համահիմնադիրներից Էլմաս Կիրակոսը։ Այս մասին գրում է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականը։
Նշենք, որ բացի Կարո Փայլանից՝ մյուս երեք պատգամավորի թեկնածուներն առաջադրված են Ստամբուլից։ Փայլանն այս անգամ կպայքարի Դիարբեքիրից պատգամավոր ընտրվելու համար։
«Մեծ հպարտություն եմ զգում Տիգրանակերտից առաջադրվելու համար։ Ես մալաթիացի եմ։ Ստամբուլի և Սփյուռքի հայերի զգալի մասն արմատներով հենց Անատոլիայից են։ Թող Ստամբուլի հայերը չնեղանան՝ ես ոչ միայն նրանց, այլև բոլոր հայերի պատգամավորի թեկնածուն պետք է լինեմ։
Լինի Ստամբուլում կամ Թուրքիայի որևէ այլ հատվածում՝ շարունակելու եմ պայքարել փոքրամասնությունների իրավունքների համար», – ասել է Փայլանը։












































