Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակտիվորեն պաշտպանել է Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված ժամանակավոր համաձայնագիրը՝ հայտնում է Interfax-ը:
«Տասնամյակում առաջին անգամ մենք կարողացել ենք իրանական միջուկային ծրագրի շուրջ առաջընթացի հասնել»,- ասել է Օբաման Սպիտակ տանը իսրայելցի դիվանագետների ու հրեական համայնքի ներկայացուցիչների համար Հանուկայի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ:
Նախագահն ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի առանցքային կետերը բացառվում են, մինչդեռ ԱՄՆ-ի ամենակոշտ պատժամիջոցները՝ պահպանվում:
«Դա դրական դեր է խաղում խաղաղության համար, Իսրայելի համար»,- ասել է նախագահն ու հավելել, որ վերջնական համաձայնագիրը, որը ապագայում ծրագրվում է ստորագրել Իրանի հետ, մեկընդմիշտ կվերացնի իրանական միջուկային սպառնալիքը:
Իսրայելը դեմ է Ժնևում Իրանի հետ «վեցյակի» ձեռք բերած համաձայնագրին: Վաշինգտոնը ձգտում է Թել Ավիվին համոզել, որ փաստաթղթի ստորագրման ժամանակ Իսրայելի անվտանգությունը հաշվի է առնվել:








































