Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջին անգամ ամբողջ կազմով երեկ եկել էր խորհրդարան` հարց ու պատասխանի ձևաչափով պատասխանելու պատգամավորների հարցերին:
Հատկանշական է որ նիստը սպասվածից ավելի հանգիստ անցավ. կիսադատարկ դահլիճում հնչեց ընդամենը ութ հարց, որոնցից կեսը հասցեագրված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այնուամենայնիվ, դահլիճում նկատվում էր որոշակի լարվածություն, հեռացող և հատատվող համակարգերի խուլ հակադրություն: ՀՀԿ, այսպես կոչված, ինտելեկտուալ թևը փորձում էր նեղը գցել Նիկոլ Փաշինյանին` նսեմացնելով նրա հեղափոխության քաղաքական արժեքը, վարչապետն` իր հերթին, ակնարկում էր ստվերում կամ օֆշորներում պահվող գումարների մասին` անթաքույց ձևով հիշեցնելով նախորդ իշխանության կոռումպացվածության մասին:
Արմեն Աշոտյանն ակամայից բացահայտեց, որ իր թիմի պատկերացումներում եվրաինտեգրումը չափվում է միայն գումարներով: Նա հեգնական տոնով նկատեց, որ Եվրամիությունը Հայաստանի թավշյա հեղափոխությունը գնահատել է ընդամենը 13 միլիոն եվրո` պարտավորվելով այդ չափով մեծացնել մեր երկրին հատկացվող գումարները:
Աշոտյանի պատկերացումներն իսկապես մակերեսային են, սակայն դրանք ավելի շատ բացահայտում են, որ ՀՀԿ-ն, որպես ընդդիմություն, չունի զարգացման իր տեսլականը և հույսը դրել է գործող կաբինետի անփորձության կամ սայթաքումների վրա: Պատահական չէ, որ Աշոտյանն ոչ թե հակադրվում էր Փաշինյանին կամ նպատակ ուներ նրանից պարզաբանում ստանալ, այլ փորձում էր վերջինիս «բռնել», այսպես ասած, «սխալ խոսքի» վրա: Այս հարթության վրա ՀՀԿ փոխնախագահն իրականում վրիպեց` բացահայտելով նյութին տիրապետող, խոսքի և քաղաքական կոռեկտության արժեքը գնահատող վարչապետի կերպար:
Շատ ավելի անհեթեթ վիճակի մեջ էր հայտնվել հանրապետական Միհրան Հակոբյանը, ով «կաշվից դուրս» էր գալիս` Նիկոլ Փաշինյանից խոսք պոկելու համար, որ ТОР հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերը Հայաստանում են հայտնվելու Սերժ Սարգսյանի իշխանության պայմանավորվածությունների արդյունքում: Նիկոլ Փաշինյանը լակոնիկ դիվանագիտական պատասխան տվեց` ձեռնպահ մնալով երկրի անվտանգության հաշվին դիվիդենտներ շահելու էժան գայթակղությունից:
Վարչապետի նման սառնասրտությունն ավելի ցցուն բացահայտեց «պետականամետ» ՀՀԿ-ի քաղաքական սնանկությունը: Արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը այն ոլորտներն են, որոնք փակ են քաղաքական շահարկումների, մանիպուլյացիաների համար:
Հեղափոխության և հակահեղափոխության այսօրվա առերեսումը ոչ մի լավ քաղաքական հեռանկար չի խոստանում ընդդիմադիր ՀՀԿ-ին, որը` եթե նույնիսկ պահպանում է ռեսուրսներ, ապա դրանք չափելի են ոչ թե քաղաքական կամ գաղափարական պոտենցիալով, այլ` պետությունից թալանված և օֆշորներում պահվող գումարներով: Գործող խորհրդարանը Հայաստանի նոր քաղաքական համակարգում չի լրացնում նույնիսկ ինստիտուցիոնալ ընդդիմության բացը` խաթարելով քաղաքական գործընթացների բնականոնությունը և աններելի վակուում առաջացնելով պետական և քաղաքական համակարգերում: ՀՀԿ-ի, ըստ էության, ինստիտուցիոնալ չկայացվածությունն` որպես ընդդիմություն, նրան ու գործող խորհրդարանն ավելի է նույնացնում քրեաօլիգարխիայի հետ` ակտուալացնելով արտահերթ ընտրությունների թեման:
Լուսանկարը՝ Photolure-ի








































