Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ անցկացրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները. Վիլնյուսից հետո» թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:
ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանն ասաց, որ ՀՀ-ի տեղը մնացել է անփոփոխ՝ Վիլնյուսից առաջ և Վիլնյուսից հետո, քանի որ գագաթնաժողովից առաջ էլ ակնհայտ էր, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Ըստ նրա՝ ստորագրվեց մի փաստաթուղթ, որն ընդհանուր կետեր էր պարունակում` ժողովրդավարության զարգացում, ՄԻ պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձևավորում, այսինքն՝ ավելի դիվանագիտական քայլ, քան առաջընթաց ԵՄ-ՀՀ հարաբերություններում, ավելին՝ փոքր-ինչ ետընթաց գրանցվեց այդ հարաբերություններում, և Հայաստանը հայտնվեց կոտրած տաշտակի առաջ:
Այս կոնտեքստում բանախոսն անդրադարձավ նաև օրերս ՌԴ նախագահ Պուտինի հայաստանյան պետական այցին, որը, նրա համոզմամբ, արձանագրեց որոշ տարրեր, որոնք քաղաքական առումով ՀՀ-ի օգտին չեն խոսում:
«Խոսում են այցի մեկնարկի մասին: Ասում են,թե հուզական մոտեցում էր այցը Գյումրիից սկսելու նրա քայլը, սակայն դա իրականում հուզական չէր, այլ քաղաքական մոտեցում էր ու ժեստ, որովհետև դա պետական այց էր. եթե նա պարզապես որոշեր գնալ Գյումրի, հետո գալ Երևան, բացասաբար չէր ընկալվի, քանի որ Գյումրին ՀՀ երկրորդ մայրաքաղաքն է: Սակայն ցավալին այն է, որ այցը սկսվեց ռուսական ռազմաբազայից, այսինքն` ենթագիտակցորեն կարևորվեց ռուսական ռազմաբազա այցելությունը, քան ՀՀ այցը:
Մեր իշխանությունների տրվելու պատրաստակամությունը նույնիսկ Պուտինի զարմանքն առաջացրեց, ով ասաց, թե ՀՀ-ն ավելի շահագրգռված է ՄՄ մտնելով, քան ՌԴ-ն: Այցը զուգորդվեց պայմանագրերի ստորագրմամբ, և «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերը հանձնվեցին ՌԴ-ին: Այդ կազմակերպությունը, ըստ էության, դադարեցրեց գործունեությունը, քանի որ հայկական կողմը դուրս եկավ այդ կազմակերպությունից: Դա, ըստ էության, տրվեց պարտքի դիմաց:
Հայաստանը մասնատում են և մաս մաս հանձնում ՌԴ-ին, և այդ ամենը ձևակերպվում է պարտքի դիմաց: Վիճելի են, թե որտեղից են այդ պարտքերը գոյանում: Դա ձևակերպել որպես դաշնակցային հարաբերություններ՝ տարօրինակ է: Տպավորություն է, որ ՀՀ լծակները օկուպացվում են ՌԴ-ի կողմից: Հայաստանը դրական արդյունք չքաղեց այս զարգացումներից»,- նշեց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































