Մարզպետների կազմն ամբողջովին կփոխվի։ Երեկ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մարզպետները դա վաղուց գիտեին, և որոշների մոտ անգամ ճամպրուկային տրամադրություն է։ Իրերը հավաքած սպասում են «վերևից հրահանգի։ Որոշ մարզպետներ արդեն հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ աշխատանք չեն պատկերացնում, թեև նոր կառավարությունն էլ չի պատրաստվում դա անել։
Մինչ մարզպետները իրերն են հավաքում, քաղաքապետները դեռ կամուկացի մեջ են՝ լքել պաշտոնը, թե ոչ։ «Մարզպետները թող նշանակվեն, նոր կխոսենք հրաժարականի թեմայով։ Դեռ հստակ որոշում չկա, չեմ որոշել՝ ինչ պետք է անեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրազդանի երկարամյա ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը։
Մեր դիտարկմանը, թե պարզ է, որ նոր մարզպետները լինելու են կառավարություն կազմած քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, և արդեն շրջանառվում է, որ Կոտայքի մարզպետը լինելու է իր երբեմնի հակառակորդ Սասուն Միքայելյանը, Դանիելյանն արձագանքեց. «Մեր պաշտոնը ընտրովի է, Սահմանադրության համաձայն։ Բայց կրկնում եմ, թողեք թող մարզպետները նշանակվեն, նոր զանգեք, կխոսենք»,-ասաց Դանիելյանը։
Հրազդանի քաղաքապետից նաև հետաքրքրվեցինք՝ բացառո՞ւմ է, որ ԱԱԾ պետի խոստացած կոռուպցիոն բացահայտումները կարող են հասնել նաև մարզ, այդ թվում՝ իրեն, Դանիելյանը պատասխանեց. «Ես մարզի մասով չեմ կարող հարցին պատասխանել, բայց իմ մասով ես վախենալու ոչինչ չունեմ»,- եզրափակեց նա։
ՀՀԿ-ական մեկ այլ քաղաքապետ՝ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն առհասարակ հեղափոխության օրերից ընդհատակ է անցել։ Նա առհասարակ հեռախոսազանգերին չի պատասխանում։ Հիշեցնենք, որ նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը անցնում է մի քրեական գործով, երբ անհնազանդության ակցիաների ժամանակ ակտիվիստների նկատմամբ բռնություն էր գործադրել։
Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանն առհասարակ չի մտածում հրաժարականի մասին և որևէ խնդիր չի տեսնում՝ լինելով ՀՀԿ-ական, աշխատել ասենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ մարզպետի հետ։ «Քաղաքապետի, գյուղապետի պաշտոնը ընտրովի է։ Եվ հետո ես զարմանում եմ, կուսակցական պատկանելիությունն ինչ կապ ունի։ Համայնքի ղեկավարը կարող է լինել ՀՀԿ-ական, անկուսակցական, իսկ մարզպետը այլ, ու ոչ մի խնդիր չառաջանա, ծրագրերը միասին առաջ տանեն։ Ցանկացած ՏԻՄ մարմին պետք է աշխատի օրենքով և հետևի կառավարության որոշումներին։ Ես շարունակում եմ աշխատել ու ուրոշ ուղղությամբ չեմ էլ մտածում»,-ասաց Սահակյանը։
Ի դեպ, Սպիտակի քաղաքապետը ևս մտահոգություններ չունի կոռուպցիոն բացահայտումների մասով։ «Էհ, ուր ուզում են թող հասնեն այդ բացահայտումները, ինձ ինչ։ Ով կոռուպցիայի մեջ է, թող նա մտածի»,- եզրափակեց Սահակյանը։
Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը իր հնարավոր հրաժարականի վերաբերյալ մեր հարցը լսելուց հետո շատ նյարդային անջատեց հեռախոսը՝ հորդորելով իրենց չանհանգստացնել։
Գորիսի ՀՀԿ-ական երիտասարդ քաղաքապետ Առուշ Առուշանյանը ևս չպատասխանեց մեր զանգերին։ Ասում են՝ նա ևս կամուկացի մեջ է։ Քաղաքի մի մասը գոհ է նրա աշխատանքից, բայց մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզը տրվելու է ԲՀԿ-ին, և տրամաբանական է, որ ՀՀԿ-ի շնորհիվ 26 տարեկանում քաղաքապետ դարձած Առուշանյանի քաղաքական կարիերան թերևս կընդհատվի։









































