Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացված ցուցահանդեսում ներկայացվեց Հայաստանի նկարիչների միության անդամների ավելի քան հարյուր աշխատանք` թեմատիկ կտավներ, քանդակներ:
Ցուցահանդեսն իր այցով պատվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա խոստովանեց, որ իսկապես ուրախ է, որ հանրապետության նկարիչների կողմից ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ստացել: «Վաթսունականներին, երբ ես դեռ պատանի էի, այս շենքը երիտասարդների համար տաճար էր: Հիշում եմ, որ ամեն տարի այստեղ իրականացվում էին ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվում էին մեր մեծանուն նկարիչների` Մինաս Ավետիսյանի, Երվանդ Քոչարի և այլոց ստեղծագործությունները: Ամեն տարի նորություն էր լինում, և դա մեր կյանքում նոր էջ էր բացում: Մարտին Միքայելյանը ճիշտ նշեց, որ արտաքին գործոնները մեր ներքին կառուցվածքի վրա մեծ ազդեցություն ունեն: Հույս ունեմ, որ հետագայում Հայաստանն ավելի լավն է դառնալու, քան այսօր, և վաղը չէ մյուս օրն ավելի լավը, քան վաղը»,-ասաց Սարգսյանը:











































