Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018թթ․)» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին։
Գիտաժողովին օրհնության խոսքով հանդես եկավ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նշեց․ «Բոլորիդ քաջ հայտնի է, որ ակունքներում կանգնած է եղել եկեղեցին՝ ի դեմս Հայոց Հայրապետ Գևորգ 5-րդ կաթողիկոսի, ով վտանգի պարագային մերժեց հեռանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և հրահանգեց, որպեսզի զանգերը հնչեցնեն, որ ժողովուրդն ոտքի կանգնի և մեկնի հայրենիքը պաշտպանելու․ մենք տեսնում ենք նախախնամություն, որ անկախ պետականության վերականգնումը շարունակեց իր ընթացքը՝ շնորհիվ մեր ժողովրդի ազատատենչ ոգու, շնորհիվ դարերի մեջ ձևավորված անկախ պետականության երազի և մենք հավատում ենք, որ այդ նախանձախնդրությամբ, այդ ոգով և այդ տեսիլքով մեր ժողովուրդն ամեն ջանք պիտի գործադրի, որպեսզի զորեղ լինի մեր հայրենին և հարատևի հայոց անկախ պետականությունը, որի հովանու ներքո պիտի ապրի ազգս հայոց՝ կերտելով իր ապահով կյանքը»։
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էլ իր հերթին հավելեց․ «Ես գտնում եմ, որ Հայաստան-Սփյուռք կապը պիտի լինի հավերժ․ բոլորս իրատես ենք և գիտենք, որ Սփյուռք միշտ լինելու է , բայց մենք մեր առջև խնդիր ենք դրել Սփյուռքի տնտեսական, գիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործումը՝ ի նպաստ Սփյուռք- Հայաստան կապի, ի նպաստ Հայաստանի համար համազգային խնդիրների հայանպաստ լուծման և միանշանակ է, որ իմ պաշտոնավարման շրջանում էլ ավելի են ամրապնդվելու կապերը սփյուռքի մեր հայրենակիցների հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։