Ավստրիացի երգիչ Թոմ Նոյվիրթը, որը Կոնչիտա Վուրստի կերպարով հաղթեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում, փոխել է իր իմիջը և ավելի առնական է դարձել: Արտիստը խոստովանել է, որ այլևս չի ցանկանում կանացի զգեստեր կրել:
«Ես անում եմ այն, ինչ ուզում եմ անել, հագնվում եմ այնպես, ինչպես կամենում եմ, և հիմա ես ավելի առնական եմ ուզում երևալ»,- ասել է «Եվրատեսիլի» հաղթողը:

Երգչի հերթական կերպարանափոխման մասին վկայում են նաև Instagram-ում նրա հրապարակած լուսանկարները:
Աստղի որոշ երկրպագուներ դրանից հետո գրում են, որ Կոնչիտան իրենց համար «հավերժ մահացել է»:

Երգիչն ասել է, որ այս տարի իր նոր ալբոմն է լույս տեսնելու, որից հետո Կոնչիտայի կերպարին արդեն վերջ կդրվի: Նրա խոսքերով՝ իր միջի տղամարդը վերջին ժամանակներս ավելի շատ է գլուխ բարձրացնում, ինչն իրեն կրկին ստեղծագործական փնտրտուքների վիճակի է բերել:
Երգիչը լրագրողների հետ խոսել է արդեն տղամարդու հագուստով և կերպարով:









































