ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրությունների նախօրեին Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները հայտարարել են Դոնալդ Թրամփի հաղթանակի հարցում իրենց շահագրգռվածության մասին՝ առաջարկելով օգնել ապագա նախագահի թիմին, հայտնում է New York Times թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ 2016-ի օգոստոսին Սպիտակ տան ապագա ղեկավարի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը իր նյույորքյան Trump Tower երկնաքերում հանդիպում է ունեցել Ջորջ Նեյդերի հետ, որը ներկայացնում է Ծոցի արաբական միապետությունների շահերը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև իսրայելական քաղտեխնոլոգ Ջոել Զամելը, որը առաջարկել է քարոզարշավ իրականացնել սոցիալական ցանցերում։ New York Times-ի այս հաղորդագրությունը վկայում է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակի հարցում բացի ՌԴ-ից նաեւ այլ երկրներ են հետաքրքրված եղել։
Դոնալդ Թրամփ կրտսերի փաստաբան Ալան Ֆատերվասը պարբերականին հայտնել է, որ իր հաճախորդը իսկապես հիշում է հանդիպում Էրիկ Փրինսի, Ջորջ Նեյդերի և ևս մեկ անձի հետ, որը, հնարավոր է, Ջոել Զամելն է եղել։ ԱՄՆ նախագահի որդու ներկայացուցչի պնդմամբ՝ նրանք առաջարկել են սոցիալական ցանցերի կամ մարքեթինգային ռազմավարությությունների մասին նախագիծ, որը չի հետաքրքրել նրան և դրանով շփումները ավարտվել են։







































