Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի VI«բ» դասարանում աշակերտների միջև ծագած խնդիրները վերջապես հանգուցալուծվել են:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը, ով նաև հավելեց, որ ցանկացած դասարանում երեխաների միջև կարող է լինել կոնֆլիկտ, և իրենց առաքելությունը միանշանակ այդ խնդիրները լուծելն ու մանկավարժական մոտեցում ցուցաբերելն է: Նա նշեց, որ կոնֆլիկտի հարթման ողջ ընթացքում իրենց կողքին են եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչները:
Տիկին Դեմիրյանի հավաստմամբ՝ նման դեպքերում ծնողի միջամտությունը պետք է, որքան հնարավոր է, քիչ լինի, որպեսզի երեխաները կարողանան իրար հասկանալ և ընդհանուր հայտարարի գալ. «Ծնողների ուսերին պետք է դրվի դաստիարակության խնդիրը. երեխան վեց տարեկանից գալիս է դպրոց՝ արդեն որոշակի աշխարհընկալմամբ»:
Ինչ վերաբերում է VI«բ» դասարանի՝ աղմուկի պատճառ դարձած Հարություն Ղազարյանին, ապա տնօրենն ասաց, որ այժմ դպրոցը փոխելու մասին խոսք չկա, այդ մասին ասել էին նրա դասընկերները, սակայն քմահաճույքով դպրոցում ոչինչ չի արվում. «Մենք ամեն դասաժամը հսկում ենք, երեխան իր դասն է անում, հանգիստ նստած է, մյուսների կողմից էլ չենք նկատել լարվածություն»:
Գայանե Դեմիրյանը վերջում հավելեց, որ իրենք ջանք չեն խնայում աշակետներին համախմբելու համար՝ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, վերջերս երեխաները ակցիա են կազմակերպել՝ նվերներով մեկնել են Խարբերդի մանկատուն, որտեղ հանդես են եկել համերգով:
Հիշեցենք, որ նշված դպրոցի VI«բ» դասարանի շուրջ աղմուկը բարձրացել էր այն բանից հետո, երբ աշակերտներն ու նրանց ծնողները դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով կա՛մ կարգի բերել, կա՛մ դասարանից հեռացնել Հարություն Ղազարյանին: Նրանք պատճառաբանել էին, որ Հարությունը վնասվածքներ է հասցրել համադասարանցիներից մի քանիսին: Հարությունի հավաստիացմամբ՝ ինքն այդ կերպ փորձել է պաշտպանվել և նախահարձակ չի եղել:










































