Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իրանական հարաբերությունների թեմայով հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, ապա, մինչև Սոչի մեկնելը, հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Պատասխանելով Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա կամ Վրաստան իրանական գազի տրանսֆերի մասին հարցին՝ Փաշինյանն ասել է. «Չեմ կարծում, թե պետք է մեղադրել Ռուսաստանին, որովհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է, և ճիշտ չէ մեր հարաբերություններում որևէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին: Եթե մենք ունենք կամք՝ որևէ խնդիր լուծելու, մենք այդ խնդիրը կլուծենք»:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցի շուրջ երկու տարի առաջ Իրանի և Վրաստանի միջև բանակցություններ են եղել։ Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Կախա Կալաձեն վերջին այցելությունյունից հետո հայտարարեց, որ գինը բավականին բարձր է և տնտեսապես շահավետ չէ Վրաստանի համար։ «Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ Իրանն այդքան գազ չունի, որ կարողանա Հայաստանին ու Վրաստանին ապահովի գազով, իսկ Հայաստանի ու Վրաստանի տարեկան սպառումը միասին կազմում է մոտավորապես 4 միլիարդ 600 միլիոն խորանարդ գազ։ Այս պարագայում մի քիչ դժվար է պատկերացնել, որ իրենք այդ հնարավորությունն ունենալու են։ Ինչ էլ տան՝ Թուրքիայի հաշվին են տալու. դա պետք է հասկանալ»,- ասաց Մելիքյանը։
Անդրադառնալով խնդրի քաղաքական մասին, Ջոնի Մելիքյանը նշում է. «Ես կիսում եմ վարչապետի կարծիքը, որ եթե Հայաստանն ու Իրանը ի վերջո ցանկություն ունենան, որոշեն, որ դա տնտեսապես ու քաղաքականապես ձեռնտու է՝ կիրականացնեն։ Այդ նույն գազատարը, որը մենք այսօր մոտ 20 տոկոսով ենք ծանրաբեռնում՝ ի վերջո հենց գազատարի համար է վատ, եթե նորմալ չի օգտագործվում՝ շուտ է շարքից դուրս գալիս։ Իմ կարծիքով՝ այդ շեշտադրումը շատ ճիշտ է, ոչ մի երրորդ կողմ չպետք է այս գործընթացում ազդեցություն ունենա։ Ես հիմա մի փոքր թերահավատ եմ, որ իրանական կողմը շահագրգռված լինի, որովհետև հիմա իրենք այլ խնդիրներ ունեն՝ կապված պատժամիջոցների վերականգնման հետ, հյուսիս չեն նայում։ Բայց եթե իրոք ունեն՝ Երևանն ու Թիֆլիսը 100 տոկոսով դիվերսիֆիկացման այդ ցանկությունը կունենան, հնարավոր է ընդհանուր հայտարարի գալ՝ գոնե 10-20 տկոսով, որոշ խնդիրներ հնարավոր կլինի լուծել։ Բայց և այնպես չէ, որ իրենց գազը այսօրվա դրությամբ կարող է մրցել ռուսական գազի հետ»։
Ըստ Մելիքյանի՝ Վրաստանին էլ ձեռնտու կլիներ, որ իրենք ռուսական գազ գնեին. «Կհիշեք՝ Հայաստանի տրանզիտի դիմաց երկու տարվա պայմանավորվածություն եղավ, առաջին տարին մասամբ գումար տրվեց տրանզիտի դիմաց, մասամբ գազ, այս տարի ամբողջը՝ գումար։ Իրենք կորցրեցին մեր տրանզիտի այդ 10 տոկոսը՝ 200 միլիոնի հասնող, փորձում էին փոխհատուցել։ Ի վերջո համաձայնեցին Ադրբեջանից մի քիչ ավելի թանկ գումարով գնել, բայց ռուսական կողմը այդ պայմանագրի մեջ ֆիքսել էր, որ եթե վրացական կողմը ցանկություն ունենա, 1000 քմ-ը իրենք կվաճառեն 180 դոլարով, Հայաստանին վաճառվում է 150-ով, ի վերջո վրացիներին վատ գին չէին առաջարկում։ Բայց քաղաքական որոշ հարցերից ելնելով նախընտրում են գազային ոլորտում լինել ադրբեջանական ազդեցության տակ»։
![]()
Իրանագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երկու պատճառ մեջբերեց. «Մեկն այն է, որ ռուսական կողմը չի թողել, երկրորդն էլ՝ Վրաստանը պարզապես փորձեց շանտաժի ենթարկել ադրբեջանական Սոկարին, որպեսզի ավելի էժան գազ ստանա, այլապես սպառնում էր, որ կգնի իրանականը»։
Ըստ Վարդանյանի՝ երկրորդ տարբերակն ավելի հավանական է։ «Դրանից հետո Սոկարն ավելի ճկուն գնային քաղաքականություն վարեց Վրաստանի համար, և Վրաստանը 90 տոկոսով հենց այնտեղից է գազ ստանում։ Եթե խնդիրը Ռուսաստանը լինի՝ մենք այդ խոչընդոտները պետք է վերացնենք և, այո՛, Հայաստանի տարածքով գազը պետք է գնա Վրաստան, մենք էլ դրանից գումար ստանանք։ Նաև «Գազպրոմ»-ը դրանից գումար կստանա, քանի որ խողովակներն իրենն է։ Իսկ եթե Վրաստանն էլ փորձեց իրանական գազով սպառնալ, ուրեմն այստեղ մենք անելիք չունենք»։
Քանի որ նոր կառավարության դիրքերն առայժմ թույլ են, փորձագետը նշում է, որ որոշ ժամանակ հետո պետք է նոր իշխանությունները լրջորեն քննարկեն 2013-ի հայտնի գազային պայմանագիրը. «Մի գիշերվա մեջ պարզվեց, որ Հայաստանը չգիտես՝ որտեղից 300 միլիոն դոլար պարտք է մնացել գազի համար, բայց մինչ այդ որևէ մեկը մեզ չէր ասել, և դրա դիմաց վերջին 20 տոկոսը, որ ուներ Հայաստանը «ՀայՌուսգազարդ»-ում, նվիրվեց «Գազպրոմ»-ին։ Այս հարցը պետք է շատ լուրջ ուսումնասիրվի, այստեղ շատ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են եղել և եթե հնարավոր է դիմել Սահմանադրական դատարան, դա ոչ իրավահավասար պայմանագիր էր։ Եթե չեմ սխալվում, մինչև 2040 թվականը, միայն «Գազպրո»-մի թույլտվությամբ, Հայաստանը կարող է գազ գնել այլ երկրից։
Նրա խոսքերով՝ այս հարցը շատ կարևոր է, Հայաստանի անվտանգության հարցն է, պետք է հետաքննություն արվի։ «Ամեն դեպքում իրավաբաններն այդ պայմանագիրը լուրջ պետք է ուսումնասիրեն ու քայլեր ձեռնարկեն այս ոչ իրավահավասար, վասալային գազային պայմանագիրը չեղարկելու համար»,- եզրափակեց նա։








































