Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը մայիսի 15-ին այցելել է Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին, որը կուսակցության կողմից պաշտոնապես գրանցված է որպես առաջիկա նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն: Այցելությունից հետո Փայլանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։
«Էդիրնեի բանտում այցելեցի նախագահի մեր թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին: Ժամերով աշխատեցինք: Նրան փոխանցեցի հազարավոր ողջույններ: Նա ևս բոլորիդ բարևներ էր ուղարկում»,- նշել է Փայլանը՝ հավելելով, որ Էդիրնեից մեծ ոգևորվածությամբ է վերադարձել:
Հայ պատգամավորը հրապարակել է նաև Դեմիրթաշի կողմից արված գրության լուսանկարը, որում ասվում է. «Սիրով ստացա Կարո Փայլանի կողմից ինձ փոխանցված բարևները: Ձեզ եմ ուղարկում իմ անկեղծ ողջույններն ու սերը»:










































