Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սիսակ Մելքոնյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Բայց բուն քրեական գործի քննությունը կսկսվի նորից, քանի որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվեց, գործն էլ ուղարկվեց նույն ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու:
Ի սկզբանե այս գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:
41-ամյա Սիսակ Մելքոնյանը տրակտորիստ է եղել անասնաֆերմայում:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2012 թվականի հուլիսի 12-ին, գիշերվա ժամը 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Սիսակը սարատեղում ոգելից խմիչք է օգտագործել, մտել կթվորուհիներից մեկի վագոն-տնակ, մոտեցել մահճակալին և կնոջ կամքին հակառակ փորձել է բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալ հետը:
Կինը դիմադրել է, սեղանին դրված թեյի բաժակով հարվածել Սիսակի գլխին ու պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք: Թեյի բաժակի հարվածից Սիսակն անակնկալի է եկել: Կինը դուրս է փախել, բայց աստիճանների մոտ վայր է ընկել, ստացել ոտնաթաթի կոտրվածք՝ առողջության միջին ծանրության վնաս:
Սիսակը, ըստ դատական ակտի, նույնպես դուրս է եկել վագոնից, տեսել, որ կինն ընկած է, մոտեցել է, մի ձեռքով բռնել կնոջ կոկորդից, մյուս ձեռքում եղած դանակով սպառնացել է սպանել նրան:
Աղմուկի վրա մոտեցել են սարատեղում գտնվող մյուս աշխատողները, բռնել են Սիսակի ձեռքը: Նա գցել է դանակը:
Սիսակ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով, իսկ 137 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է՝ տուժող կնոջ հետ հաշտության հիմքով:
Ընդհանուր իրավասության դատարանում Սիսակ Մելքոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե դեպքի նախորդ օրը լույսեր չունեցող իր տրակտորով փորձել է գյուղ գնալ, չի կարողացել:
Դեպքի օրը վագոն-տնակներից մեկում տեսել է պառկած տուժողին: Նա ասել է, թե իր պատճառով ոտքը կոտրվել է, հետո զայրացած՝ թեյի բաժակով խփել է իր գլխին, որից գլուխը վնասվել է:
Եկել է ֆերմայի տերը, լսել է տուժողին, իր վրա բարկացել ու մի անգամ ձեռքով խփել է: Ինքը նեղացած իջել է գյուղ: Ոստիկանության տեղամասային տեսուչի կանչով գնացել է ոստիկանություն, որտեղ մի թուղթ են տվել, ասել՝ ստորագրի ու գնա տուն: Ինքն էլ ստորագրել է առանց կարդալու և հասկանալու:
Հաջորդ օրն է իմացել, որ իրեն մեղադրում են սպանության սպառնալիքով բռնաբարության փորձի համար: Բայց նման բաներ ինքը չի արել:
Դատարանում բոլորը միահամուռ հրաժարվել են նախաքննական ցուցմունքներից ու ասել են, թե իրենց ուղղորդել է ֆերմայի տերը:
Տուժող կինը պնդել է, թե իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարվել: Իր ոտքը կոտրվել է, երբ ինքը բարկացած գնացել է լույսեր չունեցող տրակտորը գիշերով քշող Սիսակի հետևից, որ կանգնեցնի նրան, ինքը պատասխանատու էր մեխանիզմների համար: Սիսակի հետ այդ պատճառով է վիճել, թեյի բաժակը վերցրել ու խփել է Սիսակի գլխին:
Տուժողը նույնիսկ համարձակորեն ասել է, թե նախաքննության ժամանակ սուտ ցուցմունք է տվել, Սիսակը մեղսագրված արարքը չի կատարել: Իրեն ուղղորդել է ֆերմայի տերը, իսկ ինքը լսել է նրան, որովհետև երեխաներ ունի, չի ցանկացել կորցնել աշխատանքը:
Ֆերմայի տերը դատարանում նույնպես ասել է, թե Սիսակը բռնաբարության փորձ չի կատարել, բայց նա պնդել է նաև, թե ինքը տուժողին ու վկաներին չի ուղղորդել: Սարատեղում կատարված բռնաբարության փորձի մասին իմացել է ոստիկաններից:
Ընդհանուր իրավասության դատարանը հետազոտել է գործով ձեռք բերված ապացույցները, տուժողի, ինչպես նաև դիրքորոշումը փոխած ամբաստանյալի ու վկաների նախաքննական ցուցմունքները և եզրակացրել է, որ հենց դրանք են արժանահավատ:
Դատարանի եզրահանգմամբ՝ տրակտորիստ Սիսակը սարատեղում կատարել է բռնաբարության փորձ ու պիտի այդ արարքի համար պատասխանատվության ենթարկվի: Ինչ անենք, որ բռնաբարության փորձի «զոհը» համառորեն հերքում է նման փորձի կատարումը Սիսակի կողմից, ինչպես նաև ժխտում է իր՝ տուժող լինելը:
Սիսակ Մելքոնյանը, «ի հեճուկս» այս գործի բոլոր «գործող անձանց» պնդումների, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հուլիսի 18-ից:
Այս դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում Սիսակ Մելքոնյանի շահերի պաշտպանը միջնորդել է բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, որովհետև նա անմեղ է, բռնաբարության փորձ չի կատարել:
Վերաքննիչ դատարանում պաշտպանը միջնորդել է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել:
Սակայն վերաքննիչ քրեական դատարանը լսելով կողմերին՝ եկել է հետևության, որ ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել բացթողումներ, որոնք կարող են լրացվել միայն գործի նոր, ըստ էության քննության ժամանակ:
Ընդհանուր իրավասության դատարանում նոր քննության ընթացքում էլ պաշտպանը կարող է կատարել դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու և այլ՝ գործի համար նշանակություն ունեցող միջնորդություններ:







































