Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին երեկ խորհրդարանը քննարկեց ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը: Այն նախատեսում է, որ կողմերից յուրաքանչյուրը իրականացնում է մյուս կողմին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում` այնպես, ինչպես իր սեփական ռազմական ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, օրինապահ մարմինների և հատուկ ծառայությունների համար: Նման պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունը մինչ այսօր կնքել է միայն Բելառուսի Հանրապետության հետ:
Ըստ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի` պայմանագիրը նպատակ ունի պարզեցված կերպով իրականացնել ու ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումները, և երկուստեք ազատվել մաքսատուրքերից: Պաշտպանության փոխնախարարից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց` ինչո՞ւ ենք միայն Ռուսաստանից զենք ուզում գնել և միայն Ռուսաստանի հետ ենք նման պայմանագիր կնքում, ինչո՞ւ հենց Ռուսաստանի ներկայությունն ենք ամրապնդում: «Մենք զենք գնում ենք այնտեղից, որտեղից մեզ ավելի նպատակահարմար է, որն ավելի շահավետ է»,- հայտարարեց փոխնախարարը:
Արդյոք զենքը, որը գնվելու է այս պայմանագրով, կարո՞ղ է փոխարինել մահաբեր «Սմերչին», որը Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին, և այս պայմանագիրը համարժե՞ք է այն գործարքին, որն իրականացվեց Ադրբեջանի հետ: «Համեմատելու եզր չունի, սա շատ բարձր մակարդակի է: Մենք մեր շահերն ունենք, մեր պլաններն ունենք և որևիցե խնդիր չունենք մեր երկրի պաշտպանության առումով: Եվ օր օրի ավելի զարգանալու է, ավելի հզորանալու է: Որի մի քայլն էլ այս պայմանագիրն է»:
Նազարյանը վստահեցրեց, որ «այս համաձայնագրի կնքումը ևս մեկ քայլ է մեր անվտանգության ապահովման համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի ավելի անվտանգ»: Մեր հարցին, թե մեր անվտանգ լինելը միայն հնարավոր է ռուսական ռազմական ծավալը մեծացնելո՞վ, դա՞ է մեր անվտանգության միակ երաշխիքը, փոխնախարարը պատասխանեց. «Անվտանգության համակարգը շատ բարդ համակարգ է, դա իր մեջ չի ներառում միայն ռազմական կոմպոնենտը: Դա իր մեջ ներառում է նաև այլ կոմպոնենտներ` տնտեսություն և այլն, և այլն: Ռազմական կոմպոնենտի մասով նշված համաձայնագիրը մեկ քայլ է ավելի ամրապնդման, ավելի ամրացման մեր անվտանգությունը` ելնելով տարածաշրջանային զարգացումներից»:
Կոնկրետ ի՞նչ զինատեսակներ է պատրաստվում հայկական կողմը ձեռք բերել այս պայմանագրի ստորագրումից հետո, Արա Նազարյանը չասաց. «Բաներ կան, որ չպիտի իմանաք` ինչ ենք անում, որ չխանգարենք»:
Նշենք նաև, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել են, թե Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Մոտակա ժամանակներս Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանին համալրում է սպասում: Ըստ այդմ` առաջիկայում Գյումրիի 102-րդ ռազմակայանում ծառայություն անցկացնելու կժամանեն ռուսական զինծառայողներ` իրենց ընտանիքներով, ընդհանուր առմամբ 2500-3000 մարդ:









































