Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման վերաբերյալ ՄԱԿ տեսուչների վերջնական զեկույցը Անվտանգության խորհրդի անդամների շրջանում կտարածվի դեկտեմբերի 13-ին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն:
«ՄԱԿ քարտուղարությունը մեզ տեղեկացրել է, որ զեկույցը կտարածվի դեկտեմբերի 13-ին»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքերով՝ այն փաստը, որ փաստաթղթի ներկայացման ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է, մեկնաբանվոււմ է տեխնիկական բարդություններով՝ կապված հավանական հարձակումների վայրից վերցրած նմուշների շատ բարդ անալիզների ավարտի հետ:
Արոն հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ տեսուչների եզրակացությունների հիման վրա կորոշվեն հետագա քայլերը՝ ի պատասխան Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման:








































