Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան դիմել է այլ պետությունների ղեկավարներին՝ մարիխուանայի օրինականացման նախագծի իրականացմանը աջակցելու խնդրանքով: Ուրուգվայի առաջնորդը նման հայտարարություն է արել բրազիլական A Folha de Sаo Paulo պարբերականին տված հարցազրույցում՝ փոխանցում է Russia Today-ը:
Նա նշել է, որ դա պարզապես թույլ կտա վերահսկողություն սահմանել արդեն գոյություն ունեցող շուկայի վրա, որի վրա չի կարելի աչք փակել, քանի որ նարկոթրաֆիքի էֆեկտն ավելի վատ է, քան հենց թմրանյութերի ազդեցությունը:
Նա նշել է, որ նարկոդիլերների դեմ ռեպրեսիվ միջոցառումները չեն գործել, և հենց դա է պատճառը, որ Ուրուգվայը փորձում է թմրանյութերի շրջանառությունը կարգավորել օրինականացման ուղով:
Նախագիծը նախատեսում է պետական մարմնի ստեղծում, որը պատասխանատվություն կկրի թմրամիջոցների սահմանափակ արտադրության լիցենզիայի տրամադրման ու նյութերի տարածման վերահսկողության հարցում:
Մուխիկայի նախաձեռնության նկատմամբ տեղի հասարակության արձագանքը միանշանակ չէ: Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ երկրի քաղաքացիների կեսից ավելին դեմ է թմրանյութերի ազատ վաճառքի ներմուծմանը:








































