ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային սպասում է «խաղաղ եւ բարգավաճ» ապագա, եթե Փհենյանը հրաժարվի ռազմական միջուկային ծրագրից, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Վաշինգտոնում Հարավային Կորեայից գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում նա նշել է, որ եթե «Հյուսիսային Կորեան արագ ապամիջուկայնացմանն ուղղված վճռական քայլեր ձեռնարկի, ԱՄՆ-ն կաշխատի Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հարավային Կորեայի բարեկամների հետ՝ երկրի բարգավաճումն ապահովելու համար»:
Պոմպեոն նաեւ հայտարարել է, որ հյուսիսկորեական բանտից երեք ամերիկացիների ազատ արձակումն օգնեց նախապայմաններ ստեղծել Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման համար, որը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում:
Հյուսիսային Կորեան, սակայն, առայժմ որեւէ կերպ չի ցուցադրել, որ պատրաստ է հրաժարվել միջուկային զենքի ստեղծման ծրագրից, որը Կիմերի դինաստիայի անձեռնմխելիության փաստացի երաշխիքն է:
Մայք Պոմպեոն հավելել է, որ ԱՄՆ-ի նպատակը պարզ է. Հյուսիսային Կորեան պետք է զրկվի ոչ միայն ԱՄՆ-ին, այլև ամբողջ աշխարհին միջուկային զենքով սպառնալու հնարավորությունից:







































