2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի փոխհատուցման հիմնադրամը տուժածներին մոտ 3,7 միլիարդ դոլար է վճարել: Ֆիզիկական և բարոյական վնասի փոխհատուցում է ստացել ավելի քան 16,8 հազար մարդ, ներառյալ նրանք, ովքեր ապրել և աշխատել են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների հարևանությամբ: Այս մասին հաղորդում է ABC News լրատվական գործակալությունը՝ հղում անելով հիմնադրամի գլխավոր հոգաբարձու Ռուպա Բհատաչարիի զեկույցին:

Հիմնադրամին ընդհանուր առմամբ 35 հազար մարդ է դիմել՝ փոխհատուցում ստանալու համար: Հիմնավորված են համարվել դիմումներից 19 հազարը:

Տիկին Բհատաչարիի խոսքերով՝ տարիների ընթացքում սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետ կապված հիվանդությունների քանակն աճում է, և փոխհատուցման հայտերը շարունակում են ստացվել: Հիմնադրամն ընդունելու է դրանք մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը:










































