«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Ասա ստոպ ռասիզմին և խտրականությանը» կարգախոսով հայտնի թուրքական «Դյուրդե» հասարակական կազմակերպությունը արդեն 6 տարի է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունման և ճանաչման համար է պայքարում: 2007-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո հիմնադրված կազմակերպությունը շարունակաբար միջոցառումներ, քննարկումներ, երթեր է կազմակերպում ցեղասպանության թեմայով:
«Դյուրդե»-ի ակտիվիստները Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հավաքի հիմնական կազմակերպիչներից են նաև, այդ իսկ պատճառով Թուրքիայում ոչ բոլորն են, մեղմ ասած, բարեկամաբար տրամադրված նրանց նկատմամբ, ասում է կազմակերպության ակտիվիստ Լևենթ Սենսևերը:
«Թուրքական կառավարությունը փորձում է տեղացի հայերին տրամադրել սփյուռքի հայերի դեմ, ասելով, թե թուրքաբնակ հայերը լավն են, սփյուռքահայերը չարիք են, մեր դեմ են գործում, բայց մենք այդպես չենք տեսնում պատկերը: Մեր համոզմամբ` սփյուռքահայերի նախնիներից շատերը հենց Անատոլիայից են եղել, ապրել են այժմյան թուրքական հողերում և ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը», – նշել է Սենսևերը՝ շարունակելով․ – «Այդ իսկ պատճառով, մենք կարծում ենք, որ նրանք լիարժեք իրավունք ունեն վերադառնալու իրենց պատմական հայրենիքի տարածք, օգտվել լիարժեք քաղաքացիությունից և ետ ստանալ իրենց ունեցվածքը»:
Հայոց ցեղասպանությանը նվիրված բրյուսելյան միջոցառման կազմակերպիչներից մեկը եվրոպական հակառասիստական ԷԳԱՄ շարժումն է, որի գործադիր տնօրեն Փոլ Մաքս Մորինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ եվրոպացիները հետաքրքրված են Թուրքիայում հասարակական ակտիվիզմի և ժողովրդավարության զարգացմամբ:
«Եվրոպացիները հետաքրքրված են և տպավորված այն գործով, որ անում է «Դյուրդե»-ն: Մենք գիտենք, որ դժվար է լինել հասարակական ակտիվիստ մի երկրում, որտեղ կա խոսքի ազատություն, օրինակ` Ֆրանսիայում, Գերմանիայում, Արևմտյան Եվրոպայում, բայց ավելի դժվար է լինել ակտիվիստ մի երկրում, որտեղ ազատությունները սահմանափակվում են: Այնպես որ, մենք գնահատում ենք այն, ինչ անում է «Դյուրդե»-ն: Մենք կողմ ենք ավելի ժողովրդավար Թուրքիայի, և սա մի հնարավորություն է՝ խրախուսել Թուրքիայում ծնունդ առնող ժողովրդավարական գործընթացները», – հայտարարեց Փոլ Մաքս Մորինը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Դյուրդե»-ի ակտիվիստն ասել է` շատ կարևոր է ներկայացված լինել հատկապես Բրյուսելում․ – «Սա Եվրոպական միության կենտրոնն է, և մենք կարիք ունենք եվրոպական կառույցների հետ կապ ունենալու և պատմելու մեր մասին, քանի որ նրանք այլ պատկերացում են ստանում Թուրքիայի մասին պաշտոնական ալիքներից, ԱԳՆ-ից, դեսպանատնից: Որպես քաղաքացիական հասարակության անդամներ՝ մենք ուզում ենք լսելի և տեսանելի դարձնել նաև մեր տեսակետն ու մտահոգությունները»:
Թուրք ակտիվիստները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաև պատմել են, որ Թուրքիայում դավաճան են համարվում նրանք, ովքեր հանդգնում են համագործակցել հայկական սփյուռքի կառույցների հետ, քանի որ հայկական սփյուռքն այնտեղ ընկալվում է որպես հակաթուրքական չարիք:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում









































