Անդրադառնալով «Ա1 +»-ի ստացած Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի մրցանակին՝ «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Դա, իհարկե, ուրախալի փաստ է: Հպարտ եմ, որ դրանով գնահատվել է իմ ընկերների, նաև՛ իմ աշխատանքը: Բայց, գուցե տարօրինակ հնչի, ես կուզեի, որ գար այն ժամանակը, երբ մեր երկիրը Բելառուսի, Դաղստանի և Ադրբեջանի շարքում նման մրցանակի չարժանանար:
Որովհետև նման պարգևը որքան դրվատում է լրատվամիջոցին, նույնքան անուղղակիորեն քննադատում է այն պետությանը, որտեղ, բացի սովորական մասնագիտական խիզախությունից, անհրաժեշտ է հատուկ քաղաքացիական արիություն՝ նորմալ լրագրողական աշխատանք կատարելու համար:
Մոտավորապես այնպես, ինչպես համաներումը լավ բան է, սակայն շատ ավելի ցանկալի է, որ մենք ունենանք նորմալ դատարաններ, որոնք վերևից եկող քաղաքական հրահանգներով չդատապարտեն անմեղ մարդկանց, որպեսզի հետո ընդդիմությունը և ամբողջ հասարակությունը ստիպված չլինեն պայքարել նրանց ազատ արձակելու համար, իսկ Ազգային ժողովը և նախագահը հարկադրված չլինեն դատական ապօրինություններն ուղղել համաներմամբ»: