Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ և նախագահական ընտրություններում կուսակցության կողմից որպես թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշն առաջարկել է, որ նախագահի մյուս թեկնածուներն իր փոխարեն մեկական շաբաթ անցկացնեն բանտում՝ արդար նախընտրական պայքար ապահովելու նպատակով։ Այս մասին գրում է թուրքական Cumhurriyet պարբերականը։
Նման բան Դեմիրթաշն ասել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեին, որը բանտ էր այցելել՝ քուրդ գործչին տեսակցելու։
Նշենք, որ Ինջեն նախագահի առաջին թեկնածուն է, որ այցելել է բանտարկության մեջ գտնվող Դեմիրթաշին։
«Ինձ մի առաջարկ արեց ու խնդրեց, որ մյուս թեկնածուներին էլ փոխանցեմ։ Ասաց՝ «Ես այստեղ փակված եմ, իսկ դուք դրսում զբոսնում եք։ Թող յուրաքանչյուր թեկնածու իմ փոխարեն մեկական շաբաթ այստեղ մնա, որ արդար լինի», – Ինջեն լրագրողների հետ զրույցում մեջբերել է Դեմիրթաշի խոսքը։









































