Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Կարո Փայլանն ու Սելինա Դողանը շնորհավորել են համայն հայությանը՝ Հայաստանում ծավալված ժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ։
Twitter-ի իր պաշտոնական էջում Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Փայլանը տեղի ունեցածն անվանել է «պայքար հանուն ժողովրդավարության» ու հույս հայտնել, որ Թուրքիան նույնպես կհետևի այդ օրինակին։
«Հայաստանի ժողովուրդը հաղթեց ժողովրդավարության պայքարում։ Շնորհավորում եմ։ Հերթը մերն է», – գրել է նա։
Ժողովրդահանրապետական կուսակցությունից Սելինա Դողանն, իր հերթին, սոցցանցի իր պաշտոնական էջում նշել է, որ Հայաստանում տեղի ունեցածը համաշխարհային ժողովրդավարության պատմության էջերում իր ուրույն տեղը զբաղեցնելիք իրադարձություն է։
«Հայաստանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք համաշխարհային ժողովրդավարության պատմության էջերում են ընդգրկվելու։ Ժողովրդի՝ փոփոխությունների ու ժողովրդավարացման պահանջին ոչ մի ուժ չի կարող դեմ գնալ։ Շնորհավոր ժողովրդի ու այս պահանջների առաջադրման հարցում առաջնորդի դերը ստանձնածների հաղթանակը»,- գրել է Դողանը։







































