Կանադայի Նյու Բրանսուիք նահանգի ոստիկանությունը մարիխուանայի 550 թուփ է հայտնաբերել «Հավերժ երիտասարդ» խոսուն անվանումը կրող ծերանոցում: Այս մասին հայտնում է CBS-ը:
Ծերանոցի նկուղում մարիխուանայի պլանտացիան հայտնաբերել էին հրշեջ-փրկարարները, ովքեր կանչվել էին այն բանից հետո, երբ հաստատությունում բռնկում էր տեղի ունեցել, և կարող էր լուրջ հրդեհ սկսվել: Ծերանոցի 6 բնակիչներից ոչ ոք չի տուժել. նրանց տարհանել էին:
Հրշեջ ծառայության աշխատակիցներից մեկի խոսքով՝ մարիխուանայի թփերից բացի՝ հայտնաբերվել են դրանց աճեցման ու մշակման համար համապատասխան գործիքներ և չորացրած մարիխուանայի մեծ քանակություն, որոնք առգրավվել են:
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են աճեցրել մարիխուանան՝ թոշակառունե՞րը, թե՞ ծերանոցի աշխատակիցները: Հայտնի չէ նաև, թե ինչ նպատակներով է այն աճեցվել: Ձերբակալվածներ դեռևս չկան: Ոստիկանությունը ժամանակավորապես փակել է հաստատությունը:











































