Եվրոպոլն ու ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ոստիկանությունը փակել են շուրջ 700 կայքեր, որոնք կեղծ ապրանքներով առևտուր են իրականացրել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ԵՄ ոստիկանական ծառայությանը:
Օպերացիան անցկացվել է 8 երկրների իրավապահ մարմինների ու մաքսային ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ: Օվկիանոսի երկու կողմերում ընդհանուր առմամբ իրենց աշխատանքն են դադարեցրել 690 դոմենային անուններ:
ԱՄՆ-ում փակվել է 297 կայք, իսկ ԵՄ երկրներում (Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Հունգարիա, Ռումինիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա)՝ 393 կայք: Այս տարի օպերացիային միացել էր նաև Հոնկոնգի մաքսային ծառայությունը:
ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանության տնօրեն Ջոն Սանդվերի խոսքով՝ ողջ աշխարհում գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող աշխատանքը վկայում է , որ հանցավորությունը համացանցում գլոբալ մասշտաբներ ունի:
«Այդ օպերացիան ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են և պետք է համագործակցեն տարբեր երկրների իրավապահ մարմիններն ու մաքսային ծառայությունները»,- ասել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթը: Նա հավելել է, որ դա ազդանշան է հանցագործներին առ այն, որ երբեք չեն կարող իրենց անվտանգ զգալ: Նրա խոսքով՝ ցավոք սրտի, տնտեսական ճգնաժամը հանգեցրել է նրան, որ բնակչության եկամուտները կրճատվել են, ինչի հետևանքով շատերը տրվում են ապրանքներն ավելի էժան ձեռք բերելու գայթակղությանը:
Թե ինչ պետք է անել փակ դոմենների հետ, կորոշեն օպերացիային մասնակցած երկրների կառավարությունները:
Նման օպերացիաներն անցկացվում են 2010 թվականից: Այդ ողջ ընթացքում ընդհանուր առմամբ փակվել են ավելի քան 2500 դոմենային անուններ:
Եվրոպոլի վիճակագրությունը վկայում է, որ ամենից հաճախ կեղծվում են ականջակալները, սպորտային համազգեստը, անձնական հիգիենայի միջոցները, կոշիկներ, խաղալիքներ, բջջային հեռախոսներ և էլեկտրոնիկա:









































