Եվրոպայի և Եվրասիայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը կայցելի հետխորհրդային մի շարք երկրներ, այդ թվում՝ Մոլդովա, Ուկրաինա և Վրաստան՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Դեկտեմբերի 3-4-ին Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպումից հետո Նուլանդը կմեկնի Քիշնև, որտեղ կհանդիպի Մոլդովայի իշխանությունների ներկայացուցիչների հետ և կքննարկի երկրի եվրոպական ինտեգրման ուղին: Նուլանդը Մոլդովայում կգտնվի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Դեկտեմբերի 5-ին Նուլանդը և Հարավային ու Կենտրոնական Ասիայի գործերով պետքարտուղարի օգնական Նիշա Բիսվալը կմասնակցեն ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը և կհանդիպեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Նուլանդը երկկողմ հանդիպումներ կանցկացնի ուկրաինացի պաշտոնատար անձանց, խորհրդարանի առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- հաղորդում է պետդեպարտամենտը:
Դեկտեմբերի 6-ին Նուլանդը կայցելի Վրաստան, որտեղ կհանդիպի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այնուհետև Նուլանդը կմեկնի Մոսկվա, որտեղ կգտնվի դեկտեմբերի 8-10-ին:









































