Դեկտեմբերի 2-ին տեղի են ունեցել «Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումներ, որոնք վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նա մասնակիցներին ներկայացրել է քննարկման հարցերի շրջանակը, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու համապատասխան նախագծերի համառոտ նկարագիրը, նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները:
Անդրադարձ է եղել գրեթե բոլոր ծախսային ուղղություններին, դրանց չափելիությանը և այլ բաղադրիչներին: Հանդիպման ընթացքում կազմակերպվել է հարցուպատասխան՝ ներկայացված նախագծերի վերաբերյալ: Ներկաներին հետաքրքրող հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները հրապարակել Երևանի պաշտոնական կայքում:










































