Ֆրանսաբնակ մի խումբ խորվաթներ դատական հայց են ներկայացրել երաժիշտ Բոբ Դիլանի դեմ՝ նրան մեղադրելով ռասիզմի մեջ՝ հայտնում է Business Insider պարբերականը: Հայցի պատճառը Դիլանի հարցազրույցն էր, որը հրապարակվել էր ֆրանսիական Rolling Stone ամսագրում՝ 2012թ.:
Ամսագրի հետ զրույցում Դիլանը խոսել էր ԱՄՆ բնակչության՝ սևամորթների ու սպիտակամորթների լարված հարաբերությունների մասին: «Եթե մեր արյան մեջ հոսում է ստրկատիրոջ կամ Կլանի արյուն, սևամորթները զգում են դա: Դա մինչ օրս նկատելի է: Հենց այդպես հրեաները կարող են զգալ նացիստական արյունը, իսկ սերբերը՝ խորվաթականը»:
Վերջին խոսքերը Ֆրանսիայում բնակվող խորվաթական համայնքի բնակիչներին վիրավորական են թվացել:
«Խորվաթ ժողովրդին հանցավոր կազմակերպությունների հետ համեմատելը ռասիզմի արտահայտություն է և թշնամանք խորվաթ ժողովրդի նկատմամբ: Համաձայն ֆրանսիական օրենսդրության՝ դա արգելվում է ու պատժվում»,- նշել են խորվաթ համայնքի ներկայացուցիչները:
Եթե Դիլանին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է տուգանք, որի չափը չի հստակեցվում:








































