Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը մինչև հիմա չի ազատվել «սառը պատերազմի» մենթալիտետից: Ինչպես հաղորդում է The Hürriyet Daily News-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
«Մեր նպատակներին հասնելու համար մենք պետք է դառնանք եվրոպական ընտանիքի կամ ատլանտյան հասարակության մի մասը: Մենք պետք է բարելավենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, գոնե թուլացնենք լարվածությունը»,- ասել է Ալասանիան:
Պաշտպանության նախարարի կարծիքով՝ միշտ ավելի լավ է քննարկել և ունենալ ինչ-որ բան օրակարգում, քան չխոսել և մասնակցել միայն ռազմական հակամարտությանը:
Ալասանիան նաև նշել է, որ Ռուսաստանի որոշումը, ըստ որի՝ օլիմպիական ճրագը տարել է 2008թ. վրացական գյուղերը ռմբակոծած օդաչուն, ևս մեկ անգամ ապացուցում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը, ինչպես նախկինում, չի հրաժարվել «սառը պատերազմի» մենթալիտետից:
Ալասանիայի խոսքերով՝ Վրաստանը հույս ունի ստանալ միջազգային հանրության աջակցությունը, իսկ եվրոպական շատ պետություններ բավականաչափ հասունացել են, որպեսզի Վրաստանը մոտեցնեն ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին:










































