Խորվաթիայում «ամուսնություն» հասկացությունը սահմանադրորեն սահմանելու համաժողովրդական հանրաքվե է անցկացվում:
Հանրաքվեի նատակը հոմոսեքսուալ և հետերոսեքսուալ զույգերի իրավահավասարությունը թույլ չտալն է, հայտնում է Ria Novosti-ն:
Քաղաքացիները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ սահմանադրության մեջ ամուսնությունը սահմանված լինի որպես կնոջ և տղամարդու միջև կապ»:
Հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել պահպանողական տրամադրված քաղաքացիների «Հանուն ընտանիքի» խումբը, հանրաքվեի նախաձեռնությանն աջակցել են կաթոլիկ եկեղեցին, ընդդիմադիր առաջատար «Խորվաթիայի ժողովրդավարական միություն» կուսակցությունը, աջ կազմակերպությունները:
Նոյեմբերի 8-ին պատգամավորները 104 ձայնով կողմ են քվեարկել հանրաքվեի անցկացմանը:
Հանարաքվեին, բացի սեռական փոքրամասնություններից և իրավապաշտպաններից, բացասաբար են վերաբերվել նախագահ Իվո Իոսիպովիչը, վարչապետ Զորան Միլանովիչը և բազմաթիվ նախարարներ, գիտության և մշակույթի գործիչներ:
Ամենայն հավանականությամբ, Խորվաթիայում, որտեղ ուժեղ են պահպանողական տրամադրությունները, քաղաքացիները չեն ուզենա թույլ տալ միասեռականների միջև ամուսնությունները:









































