Չինաստանը հույս է հայտնել, որ հնդկական կողմը կհրաժարվի գործողություններից, որոնք կսրեն իրավիճակը, և կստեղծի բարենպաստ պայմաններ՝ սահմանների հարցով երկկողմ բանակցությունների համար: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ցին Գանը:
«Վիճելի շրջանների նկատմամբ Չինաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- նրա խոսքերն է մեջբերում «Սինհուա» գործակալությունը:
Նոյեմբերի 29-ից 30-ը Հնդկաստանի նախագահ Պրանաբ Կումար Մուկերջին այցելել է Արունաչալ- Պչադեշ շրջան, որը Հնդկաստանը համարում է իր նահանգը: Այս շրջանի մեծ մասը Պեկինը համարում է իր տարածքը:
«Պաշտոնական Պեկինը երկու կողմերին կոչ է արել ընդառաջել միմյանց՝ երկկողմ հարաբերությունների ընդհանուր շահերը պաշտպանելու համար, հրաժարվել իրավիճակը սրող գործողություններից և ներդնել համատեղ ջանքեր՝ սահմանամերձ շրջաններում խաղաղության պահպանման համար»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:









































