Կիևի շրջանային վարչական դատարանը 2013-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2014-ի հունվարի 7-ը արգելել է ցույցեր անցկացնել Անկախության մայդանում, Եվրոպական հրապարակում, Բանկովայա, Գրուշևսկոյ, Բոգոմոլեց փողոցներում:
Այսպիսով՝ բավարարվել է Կիևի քաղաքային վարչակազմի հայցը՝ հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Այս տեղեկությունը հաստատել է փաստաբան Եվգենի Զակրևսկայան, ով դատարանում ներկայացնում էր պատասխանող կողմի շահերը:
Քաղվարչությունում նշում են, որ դատարան չեն դիմել մայրաքաղաքի այլ հրապարակներում և փողոցներում զանգվածային ակցիաների սահմանափակման խնդրանքով:
«Անկախության մայդանում և Եվրոպական հրապարակում ակցիաներն արգելելու խնդրանքով հայցը դատարանին է ներկայացվել՝ կապված ամանորյա տոնածառի տեղադրման աշխատանքների հետ»,- նշված էր հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 1-ին ընդդիմադիր՝ «Բատկիվշչինա», ՈւԴԱՌ, «Սվոբոդա» կուսակցությունները ուկրաինացիներին կոչ են արել հավաքվել Տարաս Շևչենկոյի անվան զբոսայգում՝ մասնակցելու բողոքի ցույցին:










































