Ժողովրդական պատգամավոր Իննա Բոգոսլովսկայան Եվրամայդանն ուժով ցրելուց հետո հայտարարել է Ռեգիոնների կուսակցությունից և խմբակցությունից դուրս գալու մասին՝ փոխանցում է pravda.com.ua-ն:
Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա»-ին հայտնել են պատգամավորի մամլո ծառայությունից:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում սկսել են իրականացնել երկիրը մասերի բաժանելու սցենարը:
«Արդյոք սա հասկանո՞ւմ է իր իշխանությամբ մտահոգ Յանուկովիչը՝ հայտնի չէ, բայց այս ծրագիրը սկսել է իրականանալ Ուկրաինայում Պուտինի գվարդիականների ձեռքով՝ Յանուկովիչի ցուցանակի ներքո»,- ասել է նա:
Նա կոչ է արել ակտիվացնել երկրի հարավի և արևելքի բնակիչներին:
«Վստահ եմ, որ հարավ-արևելքում երիտասարդության շրջանում բացարձակ մեծամասնությունը եվրոպական արժեքների կողմնակից է, նշանակում է՝ նրանց ծնողներն էլ կաջակցեն իրենց երեխաներին»,- ավելացրել է նա:
Նա առաջարկում է ձևակերպել Յանուկովիչի համար ընդունելի առաջարկություններ:
«Յանուկովիչին առաջարկել տարբերակ, որը կարող է Ուկրաինան պաշտպանել արյունահեղությունից, իսկ Յանուկովիչին, նրա ընտանիքի անդամներին և մտերիմներին՝ հատուցումից»,- ասել է նա:
Այդպիսի տարբերակ նա տեսնում է. «Ուկրաինա-ԵՄ արտահերթ գագաթնաժողովի համար անմիջապես դիմել ԵՄ-ին՝ ստորագրելու համար Ասոցացման համաձայնագիրը, որից հետո նա պետք է հրաժարական տա»:
Պատգամավորը կոչ է արել խորհրդարանում ստեղծել նոր մեծամասնություն և Գերագույն Ռադան դարձնել Ուկրաինայի քաղաքական կենտրոնը: Նոր մեծամասնության կողմից երկրի գերագուն օրենսդիր մարմնի աշխատանքը կազմակերպելու պահանջով դիմել խորհրդարանի խոսնակ Վ. Վ. Ռիբակին:
«Եթե նա համաձայն չէ կամ ի վիճակի չէ, պետք է հրաժարական տա, Ուկրաինայի ժողովուրդը նրան շնորհակալ կլինի»,- ասել է Բոգոսլովսկայան:








































