Դատական կատարողների միջազգային միության (ԴԿՄՄ) խորհրդի՝ Փարիզում այսօր կայացած նիստին զեկույցով հանդես է եկել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:
Իր ելույթում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանգամանալից ներկայացրել է Ծառայության գործունեության շարունակական կատարելագործման և այն ապահովող մեխանիզմների արդիականացման ներկայիս հիմնախնդիրները, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում Ծառայության արձանագրած հաջողությունները, ինչպես նաև Ծառայության գործունեությանը հասարակությանն իրազեկելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ելույթից հետո ԴԿՄՄ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայիս կարգավիճակը և կոնկրետ ուղղություններով արձանագրած հաջողությունները հիմք են տալիս Միջազգային միությանը Ծառայության հետ համագործակցությունը շարունակել արդեն իսկ Միության անդամի կարգավիճակով և առաջարկել է սկսել անդամակցության համար սահմանված գործընթաց: Այս առաջարկը ողջունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
Այդ համատեքստում երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու ընդհանուր ռազմավարության և դրա համար անհրաժեշտ կոնկրետ գործնական քայլերի ուղղությամբ:










































